Մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ. Նիկոլ Փաշինյան
Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
"Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։
Այսպիսով՝ արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհքաղաքական սահմաններով։
Այդ ահաբեկչությունը հավասարաբար սպառնում է ԱՄՆ-ին ու Իրանին, Ռուսաստանին ու Ֆրանսիային եւ Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդը կռվում են հանուն գլոբալ անվտանգության", - ասված է Փաշինյանի գրառման մեջ։
Նշենք, որ Սիրիայից և Լիբիայից Ադրբեջան ժամանած վարձկանների մասին գրում են միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ները: Սեպտեմբերի 30-ին այդ մասին հայտարարություն տարածեց ՌԴ ԱԳՆ-ն՝ կոչ անելով արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծից և հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին: