Որքա՞ն կարող է նվազել ռուսական գազի գինը հայաստանցիների համար
Թեպետ Ռուսաստանը Հայաստանին մատակարարող գազի գինը սահմանին իջեցրել է 15 դոլարով՝ այն հասցնելով 150 դոլարի 1000 խմ-ի դիմաց, վերջնական սպառողին մատակարարվող «կապույտ վառելիքի» սակագինը կարող է նվազել 24-ից 40 դոլար 1000 խմ-ի դիմաց: Ցանկության դեպքում, ըստ փորձագետների, դա հնարավոր է իրականացնել ռուսական «Գազպրոմ»-ի դուստր «Գազպրոմ Արմենիա» ընկերության մարժայի հաշվին, որը մինչ այս, սահմանին գազը գնում էր 165 դոլարով և վաճառում ՀՀ սառողներին միջինը 320 դոլարով: Այն էլ գրեթե երկու անգամ բարձրացնելով գինը:
Հայաստանի համար ՌԴ-ից մատակարարվող գազի գինը 15 դոլարով իջեցնելու մասին հայտարարվեց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Երևանում իր պաշտոնակցի՝ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Հայաստանի կառավարությունը դիմել էր ՌԴ գործադիր մարմնին առաջարկով. համաշխարհային շուկայում էներգակիրների գնի նվազման համատեքստում քննարկել Հայաստանին մատակարարվող գազի գնի նվազման հարցը: Մինչ այդ մոտ մեկ տարի առաջ Ռուսաստանը նվազեցրել էր գազի գինը Հայաստանի համար՝ 189 դոլարից հասցնելով 165 դոլարի, սակայն հասարկ սպառողների վրա այն չէր անդրադարձել: Պաշտոնական խողովակներով գազի գնի դոլարային արժեքի նվազումը բացատրվեց դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի արժեվորմամբ: Այլ կերպ ասած գազի գինը դոլարով նվազեցվեց, որպեսզի արտարժույթի աժեվորման պատճառով ՀՀ բնակիչները և գործարարները դրամով ավելի թանկ չվճարեն:
Այժմ ՌԴ-ն, փաստացի ընդունեց կառավարության առաջարկը և մոտ 9%-ով սահմանին նվազեցրեց գազի գինը: Սակայն որքան կկազմի տվյալ էներգակիրի արժեքը հասարակ սպառողների համար, դեռ պարզ չէ: Կառավարությունը հաշվարկներ պետք է կատարի և առաջիկայում, ըստ պաշտոնական հավաստիացումների, ներկայացնի իրավիճակը: Մինչ գործադիրը կհաշվարկի, փորձագետները համոզմունք են հայտնում, որ ցանկության դեպքում և երկրի տնտեսության շահերից ելնելով, ՀՀ իշխանությունները, ավելի կոնկրետ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, կարող է վերանայել գազի գինը և նվազեցնել այն անգամ 40 դոլարով:
Ըստ Միքայել Մելքույանի, վերջնական սպառողի համար գազի սակագինը հաշվարկելիս պետք է հաշվի առնել մի քանի գործոններ՝ «Գազպրոմ Արմենիայի» նախատեսած ներդրումները և աշխատավարձերի բարձրացման մասով ծախսերը:
«Կարծում եմ ընկերությունը մեծ ներդրումներ չի անելու ենթակառուցվածքների զարգացման ոլորտում, քանի որ Հայաստանի գազաֆիկացման մակարդակը բավականին բարձր է: Աշխատավարձերի մասով մեծ ծախսեր դժվար նախատեսվեն, քանի որ վերջին 1,5 տարում 1500-ից ավելի աշխատող է ընդունել աշխատանքի, աշխատավարձերը վերջին 1 տարում 119 հազար դրամից աճել է 227 հազար դրամի: Մարզերում, հատկապես փոքր գյուղերում, չնայած գազաֆիկացմանը, գազից օգտվողները քիչ են, քանի որ այն թանկ արժե», - ասաց նա:
Ըստ Մելքումյանի՝ տրամաբանությունը հուշում է, որ գազի գինը հասարակ քաղաքացու համար գոնե պետք է նվազի այնքան, որքան նվազել է սահմանին: Հատկանշական է, որ բնակչի համար մի գին կսահմանի, եթե այն գազն էժանանա ուղղակի 15 դոլարով, իսկ ընդհանրապես այլ գին, եթե վերջնական սպառողի համար այն նվազի 9%-ով: Պարզ մաթեմաթիկական հաշվարկը ցույց է տալիս, որ առաջին դեպքում, գազի գինը կկազմի ուղղակի 300-305 դոլար, երկորդ դեպքում, այն կարող է նվազել շուրջ 30 դոլարով՝ կազմելով 290 դոլար 1000 խմ-ի դիմաց:
Մելքումյանը գազի գնի հաշվարկի ճկունության և այն բնակչության համար ավելի մատչելի դարձնելու համար առաջարկեց նաև կազմել գազի սպառողների 4 խումբ, ներկայիս երկուսի փոխարեն: Այժմ մինչև 10.000 խմ սպառողները մի գին են վճարում, իսկ այդ ծավալից ավելի սպառողները՝ մեկ այլ գին:
Քննարկմանը ներկա «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը հիշեցրեց, որ տարեկան Հայաստանը ՌԴ-ից մոտ 2 միլիարդ խորանարդ մետր գազ է ներմուծում եւ դրա դիմաց ամեն տարի 330 միլիոն դոլար է վճարում: «Այժմ, մենք 30 միլիոն դոլար պակաս պիտի վճարենք: Մենք շահեկան վիճակում կլինենք, եթե ռուսական ռուբլով վճարենք գազի համար, բայց քանի որ Ռուսաստանն արտաքին պահուստների համալրման խնդիր ունի, բնական է, որ չի գնա այդ քայլին: Թեպետ ՀՀ կառավարությունը հադես էր եկել նման առաջարկով», - ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ գազի սակագնի իջեցումը պետք է որ հանգեցնի նաև էլկտրաէներգիայի սակագների նվազմանը:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանը կարծում է, որ գազի սակագնը բնակչության համար կարող է նվազել ավելի շատ քան 9% «Գազպրոմ Արմենիայի» մարժայի հաշվին: Այդ կազմակերպության 1000 խմ գազի դիմաց մաքուր շահույթը կազմում է 46 ԱՄՆ դոլար: Բանախոսները նկատեցին, որ այս թիվը ստացվել է փորձագիտական հաշվարկների հիմնա վրա՝ հաշվի առնելով Օրենբուրգի մարզում գազի սակագինը, որի միջինը կազում է 55-60 դոլար, և տեղափոխման ու բաշխման բոլոր ծախսերը՝ շուրջ 200 դոլար: Սակայն պաշտոնական տվյալներով «Գազպրոմի» դուստր ընկերության շահույթը 1000 խմ-ից կազմում է մոտ 30 դոլար:
Մանուկյանն առաջարկեց գների ճկունության և բնակչության համար գազի մատչելիության տեսնակյունից սահմանել նաև սեզոնային գներ: «Ասենք՝ ձմեռային ամիսներին, երբ բնակչությունը ավելի շատ է գազ սպառում, սահմանվի ավելի ցածր սակագին, որը կարող է փոխհատուցվել՝ ավելի տաք եղանակին բարձր սակագին սահմանելով, երբ տնային տնտեսություններն ավելի քիչ են գազ սպառում: Տնային տնտեսությունների համար սա կարևոր է, քանի որ թեպետ այն սպառում է գազի ծավալի մոտ մեկ քառոդը, սակայն վճարում է ընդհանուր գումարի 50%-ից ավելին», - ասաց Մանուկյանը: Տնտեսագետի խոսքով, համադրելով «Գազպրոմ Արմենիայի» մաքուր շահույթը, սահմանին գազի ինքնարժեքը, ծախսերը, կարելի է ասել, որ «կապույտ վառելիքի» սակագինը բնակչության համար կրող է նվազել մոտ 40 դոլարով: