Հրետակոծվել է Հադրութը, Թալիշը, Մարտակերտն ու Մարտունին. Սամվել Բաբայան
Մասշտաբային պատերազմ է սկսվել, ունենք նաև զոհեր: Ոչինչ չենք թաքցնելու մեր հասարակությունից: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:
Նրա խոսքով, Թալիշի, Մարտակերտի, Մատաղիսի մի շարք տեղերում, եւ Հադրութում, որտեղ որ հրետակոծություն կա, մարդկանց տարհանել են: Սակայն, հավաստիացրեց նա, ամեն ինչ արվում է, որ քաղաքացիական ժողովուրդը չտուժեն:
Լրագրողի հարցին, թե արդյոք հայկական կողմն ունի դիրքերի կորուստ, Բաբայանն ասաց, որ ունենք 4-5 դիրքի կորուստ:
«Մեր կողմից մի 4-5 դիրքի կորուստ կա թեթեւակի, բնակավայր չենք կորցրել: Ամեն ինչ լավ է լինելու: Կոչ եմ անում մեր ժողովրդին հանգստություն եւ օպերատիվ մոբիլիզացիա, որ թույլ չտանք տարածվի այս պատերազմը, կարճ, շուտ կազմակերպված հաղթենք»,- ասաց նա: