26.11.2024
Արարատ Միրզոյանն ինքն իրեն պարգևատրել է 900 հազար, պատգամավորներին՝ 500 հազար դրամով
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Չինաստանը շահագրգռված են համագործակցության զարգացմամբ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:


Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին ակտիվ գործունեությամբ հայ-չինական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար և նշել, որ նրա պաշտոնավարման տարիներին երկու պետությունների համագործակցությունը տարբեր ուղղություններով եղել է սերտ ու արդյունավետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Չինաստանի հետ գործակցությունն ընդլայնել ու առավել ամրապնդել: Վարչապետի խոսքով՝ դրա համար լավ հիմք են նախորդ տարի Պեկինում ունեցած իր քննարկումները ՉԺՀ նախագահի և վարչապետի հետ:


Թիան Էրլունը շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ կառավարությանը համագործակցության համար՝ հավելելով, որ չինական կողմը ևս հետաքրքրված է Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի ընդլայնմամբ: Դեսպանի խոսքով՝ անցած տարիների ընթացքում երկու պետությունների միջև աճել է առևտրաշրջանառությունը, ընդլայնվել են հումանիտար կապերը: Նա վստահություն է հայտնել, որ երկկողմ համագործակցության մեծ ներուժը կիրացվի առաջիկա տարիների ընթացքում, ինչի հիմքը Հայաստանի և Չինաստանի կառավարությունների կամքն է:


Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության, առողջապահության, կրթական ոլորտներում համագործակցությանը և նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:


Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել չինական կողմին մեր երկրին 200 շտապ օգնության ավտոմեքենաներ նվիրաբերելու համար: