ԵԱՏՄ քաղաքացիներին կթույլատրեն աշխատանքի համար օգտագործել ազգային վարորդական իրավունքները
Ռուսաստանի ՆԳՆ-ն մշակել է օրինագիծ, որը թույլ է տալիս Եվրասիական տնտեսական միության երկրների քաղաքացիներին օգտագործել ազգային վարորդական իրավունքները տրանսպորտային միջոցների կառավարման հետ կապված աշխատանքի համար: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի դաշնային պորտալում: Այս մասին հայտնում է "ՌԻԱ Նովոստի"-ն։
Օրինագիծը փոփոխություններ է մտցնում «ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» դաշնային օրենքի 25-րդ հոդվածի 13-րդ կետում. «չի թույլատրվում տրանսպորտային միջոցների կառավարում օտարերկրյա ազգային կամ միջազգային վարորդական վկայականների հիման վրա, ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեություն իրականացնելիս, որոնք անմիջականորեն կապված են տրանսպորտային միջոցների կառավարման հետ»:
«Սույն կետի դրույթը չի տարածվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների, ինչպես նաեւ այն պետությունների քաղաքացիների վրա, որոնց օրենսդրությունն ամրագրում է ռուսաց լեզվի օգտագործումը որպես պետական կամ պաշտոնական, որոնք ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեություն են իրականացնում Ռուսաստանի Դաշնության տարածքում, անմիջականորեն կապված են տրանսպորտային միջոցների կառավարման հետ՝ նշված պետությունների իրավասու մարմինների կողմից տրված ազգային վարորդական վկայականների հիման վրա», - այս տողն առաջարկվում է ներառել օրենքի համապատասխան հոդվածում:
Օրինագծին կից բացատրական գրության մեջ ասվում է, որ նախագծվող փոփոխությունները Ռուսաստանի տարածքում ճանաչում են ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների ազգային վարորդական իրավունքները ձեռնարկատիրությամբ և աշխատանքային գործունեությամբ զբաղվելիս: