Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են: Մեր հարաբերությունները բավական ընդգրկուն են, և մեր հարցազրույցի սահմաանփակությունը թույլ չի տա ներկայացնել հայ-ռուսական փոխգործակցության հարցերի ամբողջ շրջանակը, որը վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին, ներառյալ` փոխգործակցությունը անվտանգության հարցերում:
Այդ մասին «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նա նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը դաշնակցային փոխգործակցություն է: «Այսպիսով, այստեղ որևէ հարց կամ սահմանափակում չի կարող լինել», - նկատել է նախարարը՝ հավելելով, որ ռազմատեխնիկական ոլորտում մեր փոխգործակցությունը հիմնված է անվտանգության փոխադարձ շահերի վրա և իրականացվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա համաձայնագրերի, պայմանավորվածությունների և աշխատանքային ծրագրերի հիման վրա:
«Ռուսաստանը չի խախտում տարածաշրջանում հավասարակշռությունը: Հայաստանը տարածաշրջանային անվտանգության պատասխանատու մասնակից է: Եվ մեր ռազմատեխնիկական համագործակցությունը որևէ կերպ ուղղված չէ երրորդ երկրների դեմ», - ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը փոխգործակցության իր տրամաբանությունն ունի. «Այն կառուցված է ամուր դաշնակցային հիմքերի վրա»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին և այս ոլորտում համագործակցությանը, նախարարը նշել է, որ Ադրբեջանը ամեն կերպ հզորացնում է իր ռազմական ներուժը՝ փորձելով համոզել իր իսկ հասարակությանը և միջազգային հանրությանը, որ ունի ներուժ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու համար:
«Եվ դա մատուցվում էր այնպիսի լույսի ներքո, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների չսկսումը «զիջում» է Հայաստանին և Արցախին՝ փոխարենն ակնկալելով բանակցային գործընթացում հայկական կողմերի «միակողմանի զիջումներ»։ Իր ռազմական ներուժը զարգացնելու ադրբեջանական տրամաբանությունն ուղղված է հակամարտության ռազմական լուծմանը, ինչը վտանգ է ներկայացնում Հայաստանի և Արցախի անվտանգության համար», - ասել է նա:
Նախարարը նշել է, որ Հայաստանն այս հարցը քննարկում է Ռուսաստանի հետ: «Իհարկե, մենք ռուսական կողմի հետ բաց ու անկեղծորեն քննարկում ենք բոլոր խնդիրները. մենք դաշնակցային հարաբերություններ ունենք» - նկատել է նա:
Նախարարը նաև անդրադարձել է հարցին՝ նախատեսում է Հայաստանն արդյո՞ք դիմել Ռուսաստանին զենքի նոր վարկ ստանալու համար: «Մենք ունենք համապատասխան ձևաչափեր և հարթակներ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հարցերի քննարկման համար, որտեղ լուծվում են մեր փոխգործակցության բոլոր հարցերը: Ես չեմ մանրամասնի: Ընդհանուր առմամբ, սա մի ոլորտ է, որն ունի իր ձևավորված հարթակը», - ասել է նա:
Հարցին Դուք պատրաստվու՞մ եք գնել ռազմական նոր ինքնաթիռներ, ուղղաթիռներ, նախարարը պատասխանել է. «Մենք պատրաստ ենք անել ամենը` մեր երկրի պաշտպանունակության հետևողական ամրապնդման համար։ Ես արդեն նշեցի, որ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են»։
Մնացականյանը նաև անդրադարձել է Գյումրիի ռուսական ռազմաբազայի պահպանմամբ Հայաստանի շահագրգռվածության վերաբերյալ հարցին։
«Հայաստանը տարածաշրջանում որևէ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում։ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն անվտանգային ընդհանուր շահեր, որոնց վրա հիմնվելով էլ անվտանգության ապահովման ընդհանուր նպատակ ենք հետապնդում։ Ռազմական բազան, իր հերթին, ևս նպաստում է այդ նպատակին հասնելուն», - եզրափակել է նա։