Ծառուկյանին մտահոգում են գործողություններ, որոնք վտանգում են ազգային դիմագիծն ու արժեքները
Ցավալի է, որ Գագիկ Ծառուկյանի բովանդակային քննադատությունը այս կամ այն ոլորտում առկա հիմնախնդիրների վերաբերյալ հերթական անգամ առաջացրել է հայտնի շրջանակների կողմից ուղղորդված հիստերիկ և ոչ ադեկվատ արձագանքը: Առավել ցավալի է, որ այդ գործընթացում օգտագործվում են քաղաքական ժամկետնանց և մաշված ազատարշակյանանման գործիքներ, որոնք իրենց անիմաստ գոյությունը պահպանում են բացառապես տարբեր ժամանակներում քաղաքական էժան պատվերներ կատարելով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ նախագահի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Ինչ վերաբերում է այն բարբաջանքներին, թե Գագիկ Ծառուկյանն այն մարդը չէ, որը պետք է խոսի կրթական ոլորտի կամ չափորոշիչների մասին, ապա դրանք ընդամենը մանիպուլյացիայի հերթական դրսևորումներ են, որոնք նպատակ ունեն խեղաթյուրել ԲՀԿ նախագահի խոսքերը:
Ընկալունակության հետ խնդիրներ ունեցողների համար ևս մեկ անգամ առանձնահատուկ ուզում եմ շեշտել՝ Գագիկ Ծառուկյանի անհանգստությունն ավելի գլոբալ է, քան առանձին չափորոշիչները կամ կրթական ոլորտի այս կամ այն խնդիրը: Գագիկ Ծառուկյանին մտահոգում են այն գործողությունները, որոնք կարող են վտանգել մեր ազգային դիմագիծն ու մեր քրիստոնեական արժեքները:
Ավելի պարզ՝ ԲՀԿ նախագահն ընդամենն ասում է, որ Հայ եկեղեցու պատմությունը, քրիտոնեական արժեքներն ու առհասարակ, մեր ազգային արժեհամակարգն այլընտրանք չպետք է ունենան, և որ ժողովուրդը պետք է տեղյակ լինի, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում: Հետաքրքիր է՝ այն մարդիկ, որոնք ջանասիրաբար փորձում են քննադատել Գագիկ Ծառուկյանի՝ հատկապես այս մտահոգությունները, իրենք ի՞նչ արժեհամակարգի և գաղափարների կրող են, ինչպե՞ս են դաստիարակում իրենց երեխաներին ու թոռներին, և ի՞նչ արժեքներ են փոխանցում... Թեպետ ի՞նչ արժեքների մասին է խոսքը, երբ իրենց գլխավոր արժեքը պատվերի գինն է...»,- գրել է Ծառուկյանի խոսնակը: