23.11.2024
Երևանում պայթյունի հետևանքով մասնակի փլուզվել է 12 բնակարան. Փաշինյան (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Երեխային սպանած մորը կամ պապին պիտի ցմահ դատեն. Նաիրա Զոհրաբյան

Երեխան մահացավ... Քիչ առաջ մոր ու պապի կողմից դաժանաբար ծեծված Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի 6-ամյա փոքրիկը մահացավ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։


«Երեխան այդպես էլ գիտակցության չեկավ, որովհետեւ փոքրիկին էնպես էին ծեծել, որ բժիշկները ապրելու հույս չէին տեսնում։


Հիմա որ ասեմ՝ ես պնդելու եմ, որ երեխային սպանած մորը կամ պապին պիտի ցմահ դատեն, էն «նրբազգաց» գրանտահպատակները էլի թռնելու են դեմքի՞ս։


Զարհուրելի է։ Տարիներ շարունակ էս ու նման ընտանիքներում, եթե «ընտանիք» բառը սրբապղծություն չէ սրանց դեպքում ասելը, ծեծվում, սպանվում են կանայք, երեխաներ ու մենք բոլորս արձագանքում ենք ընդամենը այլեւս կատարված ողբերգությանը։


Հարց էլ չունեմ հարեւաններին ու համայնքապետին, որոնց աչքի առաջ շիզոֆրենիկ մայրն ու պապը մշտապես տանջել են փոքրիկներին։ Պատասխանը գիտեմ։ Հարցս անիմաստ է լինելու։


Ահավոր ցավի զգացում ունեմ։ Ու ամոթի»,- գրել է նա։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում բռնության ենթարկված երկու մանկահասակ երեխաների գործով ձերբակալվել են երեխաների պապն ու հորքույրը: Երեխաները՝ 4 և 6 տարեկան, հոսպիտալացվել էին: Ավագ երեխայի վիճակը ծանր էր, որին տեղափոխել էին Երևան և օրեր անց գիտակցության չգալով մահացել է: 4-ամյա երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվում:


ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակչի կողմից իր անչափահաս թոռներին ծանր մարմնական վնաս, ինչպես նաև ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նրա 28-ամյա դուստրը նույնպես պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 5 անչափահաս երեխաների, ինչպես նաև՝ համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիների մարմինների տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:


Դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Որոշում է կայացվել նշված երկու քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին:


Քրեական գործով 7 անչափահաս երեխաները ճանաչվել են տուժող: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին: Հարցաքննվել են մի շարք անձինք: Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ: