23.11.2024
Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին
prev Նախորդ նորություն

Հայաստանը երբեք չի եղել և չի լինի սպառնալիք որևէ մեկի համար. ՀՀ նախագահ

Այն ընթացքում, երբ ողջ աշխարհն ու մենք պայքարում ենք մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի համավարակի դեմ, և չնայած այն հանգամանքին, որ ողջ աշխարհում հակամարտությունները դադարեցվել են, մեր հարևան երկիրը՝ Ադրբեջանը, փորձեց օգտվել այս իրավիճակից՝ օգտագործելով բացասական իմաստով այս «հնարավորության պատուհանը» հայ-ադրբեջանական սահմանին ագրեսիա հրահրելու համար: Դեռ լավ է, որ հայկական զինված ուժերը դրսևորեցին մարտական բարձր պատրաստականություն և բառացիորեն երկու-երեք օրվա ընթացում կարողացան զսպել հակառակորդի նկրտումները, այսպիսով մեր ռեգիոնը փրկելով լայնածավալ ընդհարումների հրդեհից: Այս մասին սիրիական հեղինակավոր Ալ-Ազմենահ թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:


Ըստ նախագահի, միջազգային հանրությունը լայնորեն արձագանքեց իրադարձություններին: Խոսքը մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի մասին է՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներ: Սակայն Տավուշի դեպքերը ցույց տվեցին, որ կան շատ լուրջ մտահոգություններ.


«Իմ մտահոգության առաջին կետը վերաբերում է մեր հարավային հարևանի՝ Թուրքիայի կողմից բավականին ագրեսիվ հռետորաբանությանը: Թուրքիան միջազգային հարաբերություններին ոչ հարիր բառապաշար է օգտագործում Հայաստանի նկատմամբ: Եվ սա արվում է առանց որևէ հիմնավորման, անպատասխանատու կերպով: Չմոռանանք, որ սա այն երկիրն է, որը նաև մարդկային մեծ ողբերգության վայր է եղել, որտեղ 105 տարի առաջ ցեղասպանություն է իրականացվել մեր ժողովրդի նկատմամբ: Ու փոխանակ իր անցյալի սև էջերը ճանաչելու միջոցով կամուրջ ստեղծելու Հայաստանի հետ, նրանք օգտագործում են մի բառապաշար, որն իրականում ցույց է տալիս նրանց մտադրությունը՝ շարունակելու այն, ինչ տեղի է ունեցել 105 տարի առաջ»,- ասել է նախագահը:


Արմեն Սարգսյանի երկրորդ մտահոգությունն այն է, որ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը վտանգ է ներկայացնում Ադրբեջանի տարածքով անցնող միջազգային ենթակառուցվածքների համար.


«Սա բացարձակ անհեթեթություն է: Այդ ենթակառուցվածքները գոյություն ունեն, իրենց տեղում են ավելի քան 20 տարի, և Հայաստանը երբեք դրանք ոչնչացնելու մտադրություն չի ցուցաբերել: Իմ ուղերձն այն է, որ Հայաստանը երբեք չի եղել և չի լինի սպառնալիք որևէ մեկի համար, քանի որ մենք նրա՛նց հետնորդներն ենք, ովքեր անցել են ցեղասպանության միջով և վերապրել են: Այնպես որ մենք շատ լավ գիտենք, ինչ է նշանակում տառապել, գիտենք, ինչ են նշանակում մարդկային արժեքները: Ես մտահոգ եմ, որ երբ ողջ աշխարհը համատեղ պայքարում է համավարակի դեմ, ոմանք անմարդկային գործողություններ են ծրագրում»,- ընդգծել է ՀՀ նախագահը:


Հաջորդ մտահոգությունը, որ հնչեցրել է Սարգսյանը, վերաբերում է Ադրբեջանի կառավարությունից կամ համապատասխան գերատեսչություններից հնչող պաշտոնական հայտարարություններին, թե Ադրբեջանը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին.


«Ես ինքս ֆիզիկոս եմ ու շատ լավ պատկերացնում եմ այն իրական հետևանքները, որ կարող է լինել, եթե հանկարծ որոշեն հարվածել ատոմակայանին: Ուստի ես այս հայտարարությունն ընդունում եմ որպես ահաբեկչական գործողության մտադրություն, որը միջազգային հարաբերություններում բնորոշվում է որպես միջուկային ահաբեկչություն: Աստված մի արասցե, եթե դա հանկարծ տեղի ունենա, մենք կունենանք կովկասյան Չեռնոբիլ: Ո՛չ միայն Հայաստանն է տուժելու, այլև բոլորն են տուժելու՝ ներառյալ Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Մերձավոր Արևելքը...»,- ասել է նա ու հացվելել՝ ինչ խնդիրներ էլ լինեն երկրների միջև, հարևանների միջև, միջուկային թեմայով կրակի հետ խաղալ չի կարելի: