22.11.2024
Միքայել Զալինյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղար
prev Նախորդ նորություն

Առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունը կրճատվել է 4.7 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 4.7 տոկոսով: Այդ մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի ներկայացրած հունվար-հունիսին երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներից:


Այս տարվը հունիս ամիսին ՏԱՑ-ը, ըստ այդ տվյալների, նախորդ տարվա հունիսի նկատմամբ նվազել է 7.5 տոկոսով: Նշվում է, որ առաջին կիսամյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 1.5 տոկոսով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 1.7 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 4.4 տոկոսով:


Նույն ժամանակահատվածում տնտեսության մնացած ճյուղերում արձանագրվել է անկում: Մասնավորապես՝ շինարաության անկումը կազմել է 23.4 տոկոս, առևտրի շրջանառությունը կրճատվել է 11.1 տոկոսով, ծառայությունների ծավալն առանց առևտրի նվազել է 6.4 տոկոսով:


Արտաքին առևտրի շրջանառությունը կրճատվել է 10,3 տոկոսով, ընդ որում, արտահանումը՝ 6.5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 12.9 տոկոսով։


Հունիս ամսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ բոլոր ճյուղերում անկում է գրանցվել։ Իրավիճակը դրականորեն տարբերվում է հունիսը մայիսի հետ համեմատելիս:


ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիսին նախորդ ամսվա՝ ապրիլի համեմատ աճել է 13.3 տոկոսով, իսկ հունիսի ցուցանիշը մայիսի համեմատ աճել է 14.8 տոկոսով:


Ընդ որում՝ այս տարվա հունիսին մայիսի համեմատ աճել են ինչպես արդյունաբերական արտադրանքի, շինարարության ծավալները, առևտրի շրջանառությունը, մատուցած ծառայությունների ծավալը, այնպես էլ արտաքին առևտրաշրջանառությունը: Մասնավորապես հունիսին մայիսի համեմատ արտահանման ծավալն ավելացել է 14.7 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 13.1 տոկոսով: Շինարարության ծավալը հունիսին նախորդ ամսվա համեմատ աճել է բավականին մեծ չափով՝ 21.6 տոկոսով:


Այս տարվա առաջին կիսամյակում 2019թ.-ի համեմատ 5.4 տոկոսով աճել է միջին ամսական անվանական աշխատավարձը՝ կազմելով 186 հազար 410 ՀՀ դրամ: Պետական հատվածում միջին ամսական աշխատավարձը կազմել է 162 հազար 11 ՀՀ դրամ՝ աճը 8.3 տոկոս, իսկ ոչ պետական հատվածում 198 հազար 323 ՀՀ դրամ՝ աճը 3.8 տոկոս: