Ռուս Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հանդես է եկել հայտարարությամբ ՝ Հայաստանին և Ադրբեջանին երկխոսության կոչ անելով։
«2020թ. հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրկին զինված հակամարտություն է բռնկվել, որը երկու կողմերից էլ մարդկային զոհերի պատճառ է դարձել։
33-րդ տարին շարունակվում է դարեր շարունակ կողք կողքի ապրած ժողովուրդների հակամարտությունը։ 1989 թվականից ես մշտապես մասնակցում եմ այդ հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման աշխատանքներին։ Նրա ամեն սրացումը ընկալում եմ որպես անձնական ցավ։
25 տարի առաջ ՝ 1995թ.հունիսի 13-ին, Մոսկվայի Սուրբ Դանիլովի վանքում տեղի ունեցավ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կրոնական առաջնորդների առաջին եռակողմ հանդիպումը, որի նախաձեռնողը Ռուս Ուղղափառ եկեղեցին էր։ Հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որում հայ-ադրբեջանական հակամարտությանն անդրադարձ է եղել որպես կրոնական հիմք չունեցող: Դա հատկապես կարեւոր է հիշել այսօր, երբ կրոնական գործոնը փորձում են արհեստականորեն մտցնել ազգամիջյան հակամարտությունների մեջ, որպեսզի սրեն դիմակայությունը։
2017 թվականի սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ընդունվեց մեր երկրների հոգևոր առաջնորդների ևս մեկ համատեղ հռչակագիր, որում նշվում էր, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդները միշտ կողք կողքի կապրեն, ուստի նրանք այլ հեռանկար չունեն, քան խաղաղություն և համագործակցություն:
Այսօր Ռուս Ուղղափառ Եկեղեցին հակամարտության երկու կողմերին երկխոսության կոչ է անում։ Հայաստանի և Ադրբեջանի կրոնական համայնքների կողմից կուտակվել է այնպիսի երկխոսության կառուցման փորձ, որն այժմ շատ պահանջված է։
Կոչ եմ անում չգնալ այն ուժերի մոտ, որոնց ձեռնտու է Կովկասում լարվածության ուժեղացումը։ Կովկասում նոր պատերազմն անխուսափելիորեն իր մեջ կներգրավի տարբեր տեսակի ահաբեկիչների ու ծայրահեղականների, որոնք երկար ժամանակով կզրկեն տարածաշրջանից խաղաղությունից ու հանգստությունից։
Ռուս Ուղղափառ Եկեղեցու երկարամյա խաղաղարար գործունեությունը եռակողմ երկխոսություններում թույլ է տալիս ինձ դիմել Ադրբեջանի և Հայաստանի կրոնական առաջնորդներին։ Խնդրում եմ ձեզ, սիրելի եղբայրներ, պահպանել այն ձեռքբերումները, որոնք մեզ հաջողվել է ամրապնդել եղբայրական հանդիպումների ընթացքում:
Ռուս Ուղղափառ Եկեղեցին ջերմեռանդորեն աղոթում է, որ հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի։ Հուսով ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի եղբայրական ժողովուրդներն իրենց մեջ ուժ եւ իմաստություն կգտնեն թշնամանքը դադարեցնելու, անվստահության աստիճանը նվազեցնելու եւ փոխընդունելի լուծումների հասնելու՝ բաժանող խնդիրների շուրջ»։
VERELQ-ը հիշեցնում է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարվել է հուլիսի 12-ին, երբ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները, ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ կատարեցին: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական ԶՈՒ սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:
Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորել է Տավուշի բնակավայրերը, մասնավորապես, արկեր է արձակել Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, այլ բնակավայրերի ուղղությամբ, հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Բերդի ուղղությամբ Ադրբեջանը նաև «Գրադ»-ի երեք հրթիռ է արձակել: Զոհվել է ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հայկական մարտական հենակետերի վրա կատարված հարձակումների, կրակոցների հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած 36 զինծառայողներից 20-ը հոսպիտալացվել և համապատասխան բուժօգնություն են ստացել, իսկ մյուս 16 զինծառայողներն ունեն թեթև վնասվածքներ՝ քերծվածքների ձևով:
Հակառակ կողմը հաստատել է 12 զինծառայողի կորուստի մասին տեղեկատվությունը: Հայկական կողմի պնդումներով ադրբեջանական զինուժի մարդային կորուստները, իրականում, ավելի շատ են:
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանդարտվել է հուլիսի 20-ին, որի մասին է վկայում նաև Իջևանում բացված ճգնաժամային կենտրոնի աշխատանքների ավարտի ազդարարումը:
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ իրավիճակի հանդարտեցման գործընթացում ներգրավված են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մասնավորապես, Ռուսաստանի համանախագահը: «Ինչպես նշեցի նախարարը մշտական կապի մեջ է եղել իր ռուս գործընկերոջ հետ։ Շփումներ են տեղի ունեցել նաև զինվորականների մակարդակով», - ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: