Թուրքիան փորձ է անում իր ապակայունացնող դերը տեղափոխել Հարավային Կովկաս. Մնացականյան
Մենք ականատես ենք եղել Թուրքիայի ապակայունացնող դերին իր հարևանությունում՝ Արևելյան Միջերկրական, Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արևելք: Այժմ մենք ականատես ենք լինում անկայունության այս գործոնը մեր տարածաշրջան՝ Հարավային Կովկաս տեղափոխելու փորձին: Այս մասին «France 24»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Այս փորձը նաև ներկայացվում է Հարավային Կովկասում Թուրքիայի «պատմական առաքելության» լույսի ներքո: Նման «պատմական առաքելությունը» Հայաստանի մոտ արթնացնում է վերջին դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանության տխուր հիշողություններ, և իհարկե, մենք խիստ մտահոգված ենք այդ առնչությամբ: Մենք նաև ականատես ենք լինում, որ հայերի դեմ իրականացված այդ ոճրագործության անպատժելիությունն է հիմք տալիս Թուրքիային հստակորեն պնդելու Հարավային Կովկասում որևէ դերակատարության վրա»,- ասել է Մնացականյանը:
Հարցին՝ արդյոք ունի մտահոգություն, որ Թուրքիան կարող է ավելի անմիջական դեր խաղալ Ադրբեջանի հետ հակամարտության հարցում, ներառյալ ռազմական ճանապարհով, ՀՀ ԱԳ նախարարն արձագանքել է, որ այս հարցում Թուրքիան որևէ դերակատարում չունի.
«Խաղաղ կարգավորումը վերաբերում է Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին, և Արցախի հետ միասին մենք շատ կառուցողական ձևով կշարունակենք սերտ համագործակցել Ադրբեջանի հետ լուծում գտնելու ուղղությամբ: Մենք պետք է աշխատենք հրադադարի կայուն ամրապնդման ուղղությամբ, մենք պետք է Ադրբեջանից լսենք ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառման մերժում: Մենք պետք է աշխատենք այնպիսի միջավայրի վրա, որը նպաստում է բանակցություններում առաջընթացին»:
Մնացականյանն ասել է, որ պետք է աշխատեն պարտավորությունների այնպիսի հավասարակշռության ուղղությամբ, որը կնպաստի համաչափ փոխզիջման հասնելուն, պետք է լինի փոխզիջման վրա հիմնված լուծում, որին Ադրբեջանի առավելապաշտական կեցվածքը չի նպաստում.
«Ուստի, մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատել միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում: Այս ձևաչափի շրջանակներում մենք կշարունակենք աշխատել խաղաղության ուղղությամբ»,- ասել է նա ու հավելել, որ Թուրքիայի՝ հակամարտությունում հնարավոր ավելի ուղղակի միջամտությանը Հայաստանը չի կարող անտարբերությամբ վերաբերել և դա, անշուշտ, անհանգստության տեղիք է տալիս։