Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ. ՊՆ
Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը:
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հրապարակելով ռազմական գործողության մասին տեսանյութ:
Ավելի վաղ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 16-ին ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի:
Այսօր կանխվել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձ, հրետակոծվում են Այգեպար և Մովսես գյուղերը։
Դեպքից հետո Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ և ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը: Նա նշել է, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։
Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի «ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են»։