Դատապարտել Ադրբեջանին և անհրաժեշտ մեխանիզմներ կիրառել. Արցախի խորհրդարանականների կոչը
Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել, որով դատապարտել են վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի հրահրած մարտական գործողությունները և կոչով դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբին:
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները խստորեն դատապարտում են վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի հրահրած մարտական գործողությունները, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի:
Թիրախավորելով հայկական բնակավայրերը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սեփական ժողովրդին ներքաշում է հերթական արկածախնդրության մեջ, որը հղի է իր իսկ համար աղետալի հետևանքներով:
Հավատարիմ մնալով հրադադարի պահպանման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բանակցային եղանակով լուծելու սկզբունքին՝ միաժամանակ, զգուշացնում ենք, որ Հայաստանի ու Արցախի պետական սահմանների հանդեպ ցանկացած ոտնձգություն կստանա համարժեք պատասխան:
Փաստում ենք, որ համավարակի արագ տարածման պայմաններում, երբ ողջ աշխարհը ուժերը միավորել է համաշխարհային ծանր առողջապահական ու տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար, Ադրբեջանի և նրա ռազմական հովանավոր Թուրքիայի նման ագրեսիվ վարքագիծը վտանգավոր է ինչպես Հայաստանի ու Արցախի, այնպես էլ` ողջ տարածաշրջանի համար:
ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ ենք անում վճռականորեն դատապարտել Ադրբեջանի նման պահվածքը և անհրաժեշտ մեխանիզմներ կիրառել իրավիճակի հետագա սրացումը կասեցնելու, տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը անխաթար պահելու համար»,- ասված է «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», Արցախի «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ: