24.11.2024
«1000+ հիմնադրամը» գումար կփոխանցի նախորդ օրերին զոհվածների և վիրավորվածների ընտանիքներին
prev Նախորդ նորություն

Ալիևը կոշտ քննադատել է Մամեդյարովին. վերջինիս հրաժարակա՞ն կտա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստի ժամանակ հուլիսի 15-ին կոշտ քննադատել է արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին՝ մեղադրելով նրան անպատասխանատու լինելու համար:


«Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին իրավիճակի սրման ժամանակ երկրի ամբողջ ղեկավարությունը աշխատանքային տեղերում էր, բացի արտգործնախարարից։ Ես չկարողացա նրան գտնել»,- ասել է Ալիևը կառավարության նիստին։


Նա դժգոհել է Մամեդյարովի վարքից՝ նրան մեղադրելով անպատասխանատու լինելու համար։


Ալիևը պահանջել է վարչապետի Ալի Ասադովից փոխանցել ԱԳ նախարարի հետ երկխոսությունը։ Վարչապետը պատմել է, որ հարցրել է Մամեդյարովին, թե ինչու նա աշխատավայրում չէ և չի կատարում նախագահի հանձնարարությունները։


Երկրի նախագահը դժգոհություն է հայտնել առ այն, որ Մամեդյարովը Հայաստանի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցությունը։ «Ի՞նչ համագործակցություն կարող է լինել Հայաստանի հետ», - հարցադրում է հնչեցրել նա ու հավելել, որ նախարարը Հայաստանի հետ պետք է խոսի միայն ղարաբաղյան հակամարտության խնդրի մասին։


Իլհամ Ալիևը քննադատել է ԱԳ նախարարի դիվանագիտական աշխատանքը՝ այն որակելով պասիվ։


«Կարծում եմ՝ մեր դիվանագիտական գործունեությունը կարող էր լինել ավելի արդյունավետ։ Ես բազմիցս եմ ասել, որ մեր դիվանագիտությունը պետք է լինի հարձակողական, ոչ թե պասիվ պաշտպանողական»,- ասել է Ալիևը։


Ադրբեջանում վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվում են ԱԳ նախարարի սպասվող պաշտոնանկության մասին լուրեր։ Նրա տեղը կարող է զբաղեցնել Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը: