24.11.2024
Որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնա. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Վերացնել հավաքների ազատության սահմանափակումը. ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Հայրենիք»-ի պահանջը

ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խումբը ԱԺ որոշման նախագիծ է մշակել, որով առաջարկում է վերացնել հավաքների ազատության սահմանափակումը։


Հայտարարության մեջ ասվում է.


«Հաշվի առնելով այն իրողությունը, որ ՀՀ կառավարությունը երկարաձգում է արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով, որը պետք է քննարկվի Ազգային ժողովի նիստում, «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների ստեղծած աշխատանքային խումբը մշակել է արտակարգ դրության ընթացքում հավաքների սահմանափակումները վերացնելու մասին Ազգային ժողովի որոշում, որը շրջանառության մեջ կդնի Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։


Աշխատանքային խումբն ԱԺ որոշման նախագծով քաղաքական իշխանությանը մասնավորապես առաջարկում է հրաժարվել հանրային քննադատներին լռեցնելու արատավոր փորձից, դադարեցնել անձանց հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքների իրացման անհիմն և տոտալ սահմանափակումը, փոխարենը սահմանել հավաքներ անցկացնելու կանոններ, ինչով հնարավոր կդառնա, առանց անձանց սահմանադրական իրավունքը խախտելու, կանխել վարակի հնարավոր տարածումը։ Առաջարկվում է սահմանել հավաքներ անցկացնելու կանոններ, ըստ որոնց՝ անձինք հավաքներ անցկացնելիս պարտավոր կլինեն միմյանցից պահպանել 1,5 մետր հեռավորություն և կրել դիմակներ։


Միաժամանակ հայտնում ենք, որ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները քննարկում են քաղաքական իշխանության կողմից հիշյալ առաջարկությունները մերժելու դեպքում արտակարգ դրության անհիմն սահմանափակումները վարչական դատարանի միջոցով վերացնելու հարցը, որի շուրջ աշխատանքային խումբը պատրաստվում է քննարկումներ սկսել տնտեսվարողների, շահագրգիռ այլ ուժերի և անձանց հետ»։