24.11.2024
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք. վարակակիրը ժամանել է ՀՀ-ից
prev Նախորդ նորություն

Որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնա. Փաշինյան

Ադրբեջանի ԶՈՒ սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են, այդ գործողությունների վերսկսմամբ Ադրբեջանի ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային անկայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը։ Այս մասին կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նրա խոսքով, խիստ մտահոգիչ է նաև տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրրքիայի գործելակերպը, որը լավագույնս արտացոլված է այդ երկրի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ, որտեղ վերջինս անվերապահ աջակցություն է հայտնում Ադրբեջանի գործողություններին հակահայկական տրամաբանությամբ։ 


Փաշինյանի խոսքով՝ այս ռազմական միջադեպը չի առաջացել վակուումում, արդեն տևական ժամանակ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է խաղարկել հակահայկական քարտը իրենց հայտնի դրդապատճառներից ելնելով.


«Գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ երկրորդ պլան մղելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճի հետ, որի համատեքստում ակնհայտ է քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորների կյանքերի նկատմամբ: Սրա մասին է վկայում նաև այն, որ Արդբեջանը չմիացավ համավարակի ժամանակ գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին։ Ստացվում է՝ որքան տարածվումէ համավարակը Ադրբեջանում, որքան սրվում է սոցիալ-տնտեսական իրավիճակը, այնքան սրվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հակահայկական և ռազմատենչ հռետորաբանությունը: Որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնա», - շեշտեց Հայաստանի վարչապետը:


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Իրավիճակը լարված է եղել ողջ երեկո, երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։


Հայկական կողմը բարեբախտաբար կորուստներ չունի: