24.11.2024
Վրաստանում կորոնավիրուսով վարակի 5 նոր դեպք է գրանցվել
prev Նախորդ նորություն

Հակառակորդը հարմար առիթ է փնտրում՝ վերսկսելու մարտական գործողությունները. Չալաբյան

Երեկ Տավուշի սահմանագծում տեղի ունեցած մարտական գործողությունները եկան հիշեցնելու, որ պատերազմը ոչ միայն չի դադարել, այլեւ հակառակորդը հարմար առիթ է փնտրում՝ վերսկսելու մարտական գործողությունները եւ դրանք մեր տարածք տեղափոխելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:


Նա, նաեւ ընդգծել է. «Երեկ մեր ստորաբաժանումները արժանի հակահարված են տվել հակառակորդին, եւ կորուստներով հետ շպրտել, վերահաստատելով, որ մեր պետության ողնաշարը մեր բանակն է, եւ հենց նրա պողպատյա բռունցքն է զսպում հակառակորդին։ Որպեսզի մեր բանակը շարունակի պատվով կատարել իր առաքելությունը, մենք բոլորս, անկախ այլ հարցերում հնարավոր տարաձայնություններից, այսօր մեկ մարդու պես պետք է կանգնենք մեր բանակի կողքին, բոլորս լինենք մեկ բանակ։


Այս նկարը արվել է երեք տարի առաջ, երեկվա մարտի դիրքերի անմիջական հարեւանությամբ։ Զինվորական, հոգեւորական եւ աշխարհիկ մարդիկ այդ օրերին ի մի էին բերել իրենց ուժերը՝ ամրապնդելու մեր դիրքերն ու մեր պաշտպանությունը, եւ ես այսօր հպարտ եմ, որ մեր արածը արդյունք է տալիս։ Մենք շարունակելու ենք թե հոգով, թե մտքով, եւ թե գործով միշտ լինել մեր բանակի կողքին, եւ հաղթանակի օրերին, եւ կորուստների պահերին, որովհետեւ մենք բոլորս մեկ բանակ ենք։


Կեցցե մեր Բանակը, կեցցեն մեր հրամանատարները եւ զինվորները, կեցցե մեր ազգը, որն այդպիսի որդիներ է տվել»:


Հիշեցնենք, որ երեկվանից Ադրբեջանական կողմը նախ ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով սահմանը խախտելու փորձ էր կատարել, ապա հրետանակոծել էր հայկական դիրքերը՝ Տավուշի ուղղությամբ։ Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էր բացել 82 մմ ականանետից ու տանկից։ Ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտնել է կորուստների մասին, հայկական կողմը կորուստներ չունի։


ՊՆ խոսնակի տեղեկացմամբ՝ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։



VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Իրավիճակը լարված է եղել ողջ երեկո, երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։


Հայկական կողմը բարեբախտաբար կորուստներ չունի: