ՏՄՊՊՀ-ն խնդիր չի տեսնում. Եսայան եղբայրները կարող են գնել «ՎԵՈՆ Արմենիա»-ն
Տնտեսական մրցկցության պաշտպանության պետական հանձնաժողովը թույլատրել է «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը:
«Տեղեկացնում եմ, որ նախօրեին՝ հուլիսի 9-ին, տեղի ունեցած ՀՀ ՏՄՊՊՀ նիստում որոշում է կայացվել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով:
Միևնույն ժամանակ սահմանվել է, որ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել», - ասված է ՏՄՊՊՀ-ի տարածած մամուլի ծառայության մեջ:
«Թիմ» ընկերության սեփականատեր են հանդիսանում «Յուքոմ»-ի փոքրամասնական (6%) բաժնետերեր Ալեքսանդր և Հայկ Եսայանները, որոնցից վերջինն ընկերության գլխավոր տնօրենն էր, մյուս բաժնետերերի որոշմամբ հեռացվեց այդ պաշտոնից։
Եսայան եղբայրներն այնուհետև հայտարարեցին «Յուքոմ»-ի մնացած բաժնեմասը գնելու պատրաստակամության մասին, սակայն մեծամասնական բաժնետերերը արհամարհեցին այդ առաջարկը։ Որոշ ժամանակ անվ Եսայան եղբայրները հայտարարեցին իրենց նոր՝ «Թիմ» ընկերության ստեղծման և «ՎԵՈՆ Արմենիա»-ն գնելու իրենց ծրագրի մասին։
Նշենք, որ տարեսկզբին «Յուքոմ» ՓԲԸ-ն ինքն էր պատրաստվում գնել «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը, սակայն «Յուքոմ»-ի շուրջ զարգացումների արդյունքում «ՎԵՈՆ Արմենիան» հրաժարվեց այդ գործարքից։ «Յուքոմ» ընկերության խոշոր բաժնետեր Գուրգեն Խաչատրյանի (ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին) նկատմամբ հարուցվեց քրեական գործ կաշառքին օժանդակելու մեջ, որը թաքնվում է քննությունից։