Մխիթար Հայրապետյանը ստանձնել է Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարումը
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այսօր՝ հուլիսի 8-ին, Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ, ստանձնել է Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարումը:
Մինչ այս բարեկամական խմբի ղեկավարն էր Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:
Նիստի ավարտին Հայրապետյանը նշել է, որ Հայաստան-Իրան եղբայրական հարաբերությունները մեծ պատմական կշիռ ունեն: Այսօր մեր պետությունների երկկողմ ամուր կապերում տնտեսական բաղադրիչն էականորեն մեծ է. ՀՀ արտաքին առևտրի գործընկերների շարքում ԻԻՀ-ն 6-րդ տեղում է: "Սակայն այս հարաբերություններում էական նշանակություն կարող է ունենալ նաև մեր պետությունների կրթական, գիտական ու մշակութային սերտ համագործակցությունը, որի համար ևս պատմությունն ու ներկայիս բարեկամությունը լուրջ հենարան են տալիս", - ասել է նա:
Հայրախետյանը նաև կոչ է արել չմոռանալ Իրանի հայ համայնքի մասին, որը, նրա խոսքով, հայկական սփյուռքի ամենահարուստ կենտրոններից մեկն է և լավագույնս ներկայացված է Իրանի խորհրդարանում:
Մխիթար Հայրապետյանը ղեկավարում է նաև ՀՀ ԱԺ 4 միջխորհրդարանական հանձնաժողովներից մեկը՝ Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովը, ինչպես նաև Հայաստան-Հունաստան բարեկամական խումբը: