Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի շարք պատգամավորների և տարածքային պատասխանատուների տներում և գրասենյակներում։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Առգրավվել են համակարգիչները և հեռախոսները, առգրավվել են նույնիսկ երեխաների հեռախոսները»,- ասաց Զոհրաբյանը։
Նա հույս է հայտնել, որ իշխանությունն իր քաղաքական պայքարում չի իջնի այդ աստիճանի, որ սկսեն ԲՀԿ-ականների անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ հրապարակել։
«Բայց եթե հանկարծ համարձակվեն իջնել, ապա դա կլինի իրենց մահապատժի դատավճիռը՝ բարոյական, քաղաքական եւ իրավական առումով», - ասաց նա՝ անդրադառնալով իր եւ մյուս ԲՀԿ–ական պատգամավորներին նկատմամբ «սպառնալիքներին», թե ձեր անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ կհրապարակվեն։
«Պատկերացնո՞ւմ եք, դրա միջազգային արձագանքը եւ ով է լինելու դրա քաղաքական եւ հիմնական պատասխանատուն»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանն ակնկալում է, որ դատարանը չի կատարի «քաղաքական պատվեր»: «Ես դատարանի փոխարեն չեմ կարող գնահատական հնչեցնել։ Մեր քայլերը հստակ ծրագրված են, բոլոր հնարավոր զարգացումների դեպքում, մենք ունենք մեր մարտավարական քայլերը, որը բնականաբար ես այս պահին չեմ հրապարակի», - ասաց նա։
Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ իր հանդեպ սկսված գործընթացներին եւ դրանց վերաբերյալ միջազգային գործընկերների արձագանքին, ինչպես նաեւ ՌԴ–ի դեսպանի հետ հանդիպման վերաբերյալ հնչած մեկնաբանություններին, թե «դրսից տղա են բերել».
«Ինձ զանգահարել են եվրոպական բավականին հայտնի իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ, իրենք առաջիկայում հանդես կգան հրապարակումներով եւ բնականաբար իրենք հետեւելու են, թե ԲՀԿ–ի, թե անձնապես իմ հանդեպ սկսված քաղաքական գործընթացներին։ Ես սա չեմ համարում դրսից տղա բերել, եթե այդպիսի բան լիներ, ապա ես ինքս խնդրել եմ բազմաթիվ եվրոպացի իմ գործընկերների, փոխնախագահների մակարդակով ընդհուպ, ովքեր ցանկանում էին այս օրերին հրապարակումներով հանդես գալ, խնդրել եմ այս պահին ձեռնպահ մնալ», - ասաց նա։
Պատգամավորի խոսքով, իշխանությունը պետք է պատերազմ հայտարարի ոչ թե նրանց, որոնք իսկապես մտահոգություն են հայտնում երկրի համար, այլ պետք է պայքարել կորոնավիրուսի եւ տնտեսական խայտառակ իրավիճակի դեմ ։