24.11.2024
Տնտեսական ցուցանիշները նվազել են, միջին անվանական աշխատավարձը՝ բարձրացել. ՏԶՆԿ
prev Նախորդ նորություն

Ներքին մարտահրավերները երբեք այնքան ուժեղ չեն լինելու, որքան արտաքին մարտահրավերները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին:


Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին կատարած աշխատանքի համար և նշել, որ առաջիկայում միասին կվերլուծեն համատեղ աշխատանքի արդյունքները և կգան ընդհանուր եզրակացությունների և՛ արվածի, և՛ հետագա անելիքների առումով: Վարչապետն արձանագրել է՝ այս ընթացքում Զինված ուժերում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել, և ձևավորվել է շատ մեծ օրակարգ, որը դեռ պետք է իրագործվի:


Շնորհավորելով ԶՈՒ շտաբի նորանշանակ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նա ԶՈՒ-ում նոր մարդ չէ, անցել է զինվորական ծառայության առաջխաղացման բոլոր աստիճաններով, բավական երկար ժամանակ զբաղեցրել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ փոփոխությունների ժառանգականությունը ոչ միայն կապահովվի, այլև էլ ավելի կբարելավվի մեր օրակարգը, խնդիրների լուծման որակը, և Զինված ուժերն ամեն օրվա, ամեն շաբաթվա, ամեն ամսվա և ամեն տարվա հետ կդառնան ավելի մարտունակ:


«Անկեղծ ասած, այս ընթացքում, վարչապետի կարգավիճակում ավելի մոտիկից շփվելով մեր Զինված ուժերի հետ, շատ հաճելի և կարևոր մի արձանագրում եմ արել. զինվորականությունը՝ որպես խավ, կայացել է Հայաստանի Հանրապետությունում: Այսօր այն մի մեծ ընտանիք է, որը մեր պետականության ողնաշարի դերն է կատարում, և որի առկայությունը մեր ինքնիշխանության, մեր պետականության, մեր լինելիության ամենակարևոր երաշխիքն է: Իհարկե, ինչպես ցանկացած պետություն, Հայաստանի Հանրապետությունը նույնպես ունի թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերներ, բայց Հայաստանի ներքին մարտահրավերները երբեք այնքան ընդգծված և այնքան ուժեղ չեն լինելու, որքան արտաքին մարտահրավերները: Այս գործում, իհարկե, մեր հիմնական ուժը, երաշխիքը Զինված ուժերն են: ՀՀ կառավարությունը՝ ոչ միայն այսօրվա կառավարությունը, այլև որևէ կառավարություն պարտավոր է ամեն ինչ անել ԶՈՒ համար՝ նրա առաջ դրված խնդիրները լուծելու պայմաններ ստեղծելու համար», - անդրադառնալով Զինված ուժերի դերակատարությանը՝ նշել է Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետի դիտարկմամբ՝ ՀՀ ԶՈՒ իմիջը և ԶՈՒ նկատմամբ հանրային վերաբերմունքը, հարգանքը, սերը և գնահատանքը գտնվում են հնարավոր ամենաբարձր մակարդակի վրա, և մեծագույն խնդիրը՝ ԶՈՒ-ում ծառայության իմիջը ԶՈՒ իմիջին հավասարեցնելը կամ առնվազն էականորեն մոտեցնելն է:


«Մենք սկսել ենք այդ գործընթացը և պետք է արձանագրենք հետևյալը. զինվորականությունը մշտապես իր աշխատանքային կյանքում, իր սոցիալական երաշխիքների համակարգում պետք է փոփոխություն զգա: Հայաստանի Հանրապետությունում՝ ինչպես բոլոր քաղաքացիները, բայց առավելևս՝ զինվորականները պետք է լավ ապրեն, որովհետև նրանք ՀՀ ինքնիշխանության, պետականության ողնաշարն են: Հայաստանի Հանրապետությունը, կառավարությունը, հանրությունը, ժողովուրդը պետք է հոգ տանեն սրա մասին, որովհետև ԶՈՒ և զինվորականության ինքնազգացողությունն ամենակարևոր հանգամանքներից է, որը կանխորոշում է մեր ապագան: Համոզված եմ, որ Հայաստանում կա բավարար կամք, ներուժ, ընկալում՝ այս խնդիրը և սրանից բխող մյուս խնդիրները լուծելու համար: Պարոն Դավթյան, կրկին շնորհակալ եմ Ձեր կատարած աշխատանքի համար: Ինձ հաճելի և հետաքրքիր է եղել Ձեզ հետ աշխատելը: Պարոն Գասպարյան, շնորհավորում եմ Ձեզ այս նշանակման առիթով և մաղթում եմ հաջողություններ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի»: