Արցախի ԱԺ նախագահը շարունակում է հանդիպել քաղաքական ուժերի հետ
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, շարունակելով քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ Հանրապետության նախագահի՝ համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում հանդիպումները, մայիսի 30-ին այցելել է «Սասնա ծռեր» արցախյան կուսակցության Ստեփանակերտի գրասենյակ և հանդիպել կուսակցության ղեկավար մարմնի անդամներին: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը խոսել է համազգային՝ Արցախյան հիմնախնդիր, Հայոց ցեղասպանության ճանաչում և առաջնագծի ու անվտանգության հարցերի շուրջ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության առաջարկի մասին: ԱԺ նախագահը ևս մեկ անգամ նշել է, որ Արցախի Հանրապետության զարգացումը տեսնում է անկախ պետականության պայմաններում՝ առջևում ունենալով Հայաստանի Հանրապետության հետ վերամիավորվելու տեսլականը:
Կուսակցության համակարգող Գագիկ Եսայանը, կարևորելով նոր ձևաչափով հանդիպումների անցկացումը, անդրադարձել է առաջարկվող օրակարգային հարցերին և ներկայացրել կուսակցության դիրքորոշումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բանակցային գործընթացին և համագործակցության հեռանկարներին առնչվող թեմաներ:
ԱԺ նախագահը հաջորդիվ ընդունել է «Ինքնություն և միասնություն» կուսակցության անդամներին՝ կուսակցության նախագահ Էրիկ Մկրտումյանի գլխավորությամբ:
Հանդիպմանն Արթուր Թովմասյանը խոսել է արտախորհրդարանական ուժի հետ հնարավոր համագործակցության ուղղություների մասին՝ ներկայացնելով առաջարկություն՝ համազգային օրակարգի և ԱԺ բարեկամական խմբերի ու շրջանակների կազմում ընդգրկվելու վերաբերյալ:
Կուսակցության նախագահ Էրիկ Մկրդումյանը, շնորհավորելով ԱԺ նորընտիր նախագահին և շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել համագործակցել երկրի զարգացմանն ուղված տարբեր հարցերի ՝ այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում:
Շարունակելով հանդիպումները, խորհրդարանի ղեկավարն այնուհետև ընդունել է Արցախի Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Բարդուղ Գալստյանին և կուսակցության ներկայացուցիչներին:
Երկուստեք կարևորվել է համազգային նշանակության, ինչպես նաև երկրի կենսագործունեության ապահովման այլ հարցերում իշխանություն-ընդդիմություն փոխգործակցությունը: