23.11.2024
ԵՏՄ անդամակցությունը հնարավորություններ է բացում հայ-ղազախական կապերի ամրապնդման համար - նախագահ
prev Նախորդ նորություն

Կիպրոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունեց

Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահտեսյանի գրասենյակը։

Կիպրոսում ցեղասպանությունը ժխտողները կպատժվեն 5 տարվա ազատազրկմամբ և կտուգանվեն 10 հազար եվրոյի չափով։
Կիպրոսը Եվրոպայում չորրորդ պետությունն է Հունաստանից, Սլովակիայից և Շվեյցարիայից հետո, որ քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը։

Մինչ այդ, Verelq.am-ը հայտնել էր, որ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիատիսն ապրիլի 24-ին կլինի Հայաստանում:
Կիպրոսի նախագահն ընդունել է ՀՀ նախագահի պաշտոնական հրավերը և ապրիլի 23-25-ը կայցելի Երևան՝ «Կիպրոսի կառավարության զորակցությունը հայ ժողովրդին հայտնելու և Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար»։

Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մարտի 18-ին: 2015թ. հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգիոս Կասուլիդիսը (նստավայր՝ Մոսկվա) իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Կողմերի միջև առևտրատնտեսական համագործակցությունը հասել է որոշակի միկարդակի: Հայաստանից Կիպրոս արտահանման հիմնական ապրանքախմբերն են` գրքեր, լրագրեր, տպագրական արտադրանք, ալյումին և այլն: Կիպրոսից Հայաստան ներմուծման հիմնական ապրանքախմբերն են` հանքային վառելանյութեր, նավթ և նավթամթերք, բիտումային միջոցներ, կենդանական և բուսական ծագման յուղեր և ճարպեր, սննդային ճարպեր, մեղրամոմ, թուղթ, ստվարաթուղթ և այլն:

Ներկայումս Կիպրոսում բնակվում է շուրջ 3000-3500 հայ (Նիկոսիայում` 1200-1500, Լառնակայում` 400-500, Լիմասոլում` 200-250, Ֆամագուստայում` 130 և այլն): Կիպրոսում բնակվող հայերը մեծ մասամբ արհեստավորներ են, մանր և խոշոր առևտրականներ, ձեռնարկատերեր: Կան նաև արվեստագետներ, փաստաբաններ, բժիշկներ, ուսուցիչներ, լրագրողներ, պետական ծառայողներ: Համայնքը ղեկավարում են թեմի ազգային վարչական մարմինները: Կիպրոսում գործում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Կիպրոսի թեմը:

2009 թվականի մարտի 6-ին հայազգի Մարիոս Գարոյանն (Ժողովրդավարական կուսակցության նախագահ) ընտրվել է Կիպրոսի Խորհրդարանի նախագահ: Կիպրոսաբնակ հայությունն ունի կրոնական համայնքի կարգավիճակ: Հայ համայնքը Ներկայացուցիչների պալատում ունի 1 ներկայացուցիչ: Կիպրոսի խորհրդարանում հայ համայնքի ներկայացուցիչն է նշանավոր գործարար և հասարակական-քաղաքական գործիչ Վարդգես Մահտեսյանը: