Հայաստանում հակահամաճարակային կանոնները չպահպանելու դեպքում հավանական է սցենար, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է հասնել մինչև 500 հազարի, հազարավոր մահեր կլինեն: Խոսքը պայթունավտանգ բռնկման հավանականության մասին է: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Ազգային ժողովում հայտարարել է Արսեն Թորոսյանը:
Թորոսյանը պարզաբանեց, որ իր հայտարարությունում հիմնվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատման վրա:
«Մոտ մեկ ամիս առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատումն էր ՀՀ համար՝ 500 հազար դեպք, տասնյակ հազարավոր հոսպիտալացման դեպքեր, հազարավոր մահեր: Բարեբախատաբար, դա մինչ օրս տեղի չի ունեցել, որովհետև մենք ամեն դեպքում կարողացել ենք զսպել բռնկումը: Եվ մենք կարողացել ենք հարթեցնել կորը ինչ-որ չափով, որովհետև դա ամեն դեպքում սրագագաթ պիկ չէ, այլ միգուցե թեթև բլուր է դառնում: Եվ պետք է այնպես անենք, որ այդ բլուրն աստիճանաբար իջնի ներքև: Հիմա, թե երբ դա կհաջողվի, դժվար է ասել: Այսինքն՝ ասել 500 հազար կլինի, թե 100 հազար, թե 50 հազար, դժվար է, բայց մեր վարքագիծն է պայմանավորեու այդ թիվը»,- նշեց նա:
Միևնույն ժամանակ նա հավանակա է համարու սցենար, որ մինչև մայիսի վերջ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը կկազմեն 10 հազար: Ըստ նրա՝ այդ սցենարի դեպքում հավանաբար ոմանց կուղարկեն տուն, բայց ծանր ու ծայրահեղ ծանր դեպքերը կկարողանան սպասարկել: «Մեզ պետք է կայունություն, եթե նույնիսկ շատ թիվ ունենանք, մեզ պետք է կայուն վիճակ, որպեսզի կարողանանք բոլոր դեպքերով զբաղվել»,- նշեց նա:
«Եթե մայիսի վերջին ունենանք 10 հազար դեպք, դա, իհարկե, վատ է, քանի որ ավելին է, քան այսօրվա դեպքերը: Բայց լավ է 50 հազարից, որն առողջապահական համակարգը չի կարող կառավարել, իսկ 10 հազարը կարող է», - ասաց ցա:
Նրա խոսքով, բոլոր երկրներն անցնում են այս փուլերով, և սահմանափակումների վերացումը որքան էլ նպաստի հիվանդության տարածման, բայց պետք է խոստովանել, որ ինչ-որ չափով անխուսափելի է: «Հնարավոր չէ ապրել ամեն ինչ փակ վիճակով, դա ինչ-որ մի օր պետք է տեղի ունենար: Եվ այս ժամանակը մենք ինչ-որ կերպ օգագործել ենք առողջապահական համակարգը կարգի բերելու համար, և նաև, այո, մարդկանց որոշակի վարքագծային կանոններ սովորեցնելու համար»,- հավելեց նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ մայիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2507 դեպք, որոնցից 1071-ն` առողջացած, 39-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 24177 թեստավորում: