24.11.2024
Մայիսի 4-ից մեծ փաթեթով սահմանափակումներ են վերացվելու մի շարք ոլորտներում. Ավինյան
prev Նախորդ նորություն

Գավառի վենդետան իրավապահ համակարգի անվճռականության հետևանք է. Չալաբյան

Երեկ Գավառում ծանր հարված է շատերիս համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Չորս հայ մարդու կյանք խզվել է կույր ագրեսիայի պատճառով, երկու մեծ համայքներ հայտնվել են լայնամասշտաբ վենդետայի եզրին, իրավապահ մարմինները անկարող են եղել կանխել բռնության նոր ալիքը, նույնիսկ ոստիկանապետի եւ ոստիկանական հատուկ ստորաբաժանման ներկայությունը չի օգնել։


Ես դատապարտում եմ այս բռնության բոլոր մեղավորներին, եւ կոչ եմ անում իրավապահ մարմիններին՝ վերջ տալ ամենաթողությանը, այն բերում է անարխիայի եւ քաոսի։ Մեր երկրում կա օրենք, նաեւ մարդասպաններին դատելու համար, եւ պետության պարտքն է ապահովել օրենքի կիրառումը, ոչ թե թողտվությամբ եւ անվճռականությամբ թույլ տալ ինքնիրավչություն եւ ինքնադատաստան, սա ուղիղ ճանապարհ է դեպի միջնադար։


Հուսով եմ, որ ոստիկանությունը դուրս կգա իր անվճռական կեցվածքից եւ կկարողանա իրավիճակը արագ վերցնել վերահսկողության տակ, մինչ այդ ցավակցում եմ երեկվա բռնության բոլոր զոհերի հարազատներին, եւ հորդորում նրանց՝ դադարեցնել ցանկացած նոր բռնություն, այն միայն դժբախտություն է բերելու բոլոր կողմերին, եւ մեծ ցավ՝ մեր ամբողջ երկրին»:



Ավելի վաղ մամուլը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում ապրիլի 28-ի հնչած կրակոցների հետեւանքով 2 քաղաքացու սպանությունից հետո իրավիճակը կտրուկ լարվել է։ Տեղի է ունեցել դաժան վենդետա, և դա այն դեպքում, երբ ոստիկանապետ Արման Սարգսյանն անձամբ եղել է դեպքի վայրում, ոստիկանությունը փաստորեն չի կարողացել վերահսկել իրավիճակը։


"Դանակներով զինված անձինք մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ այդ ժամանակ հսկողություն էին իրականացնում ոստիկանական ուժերը, հիվանդանոցում գտնվողներից երկուսի կոկորդը կտրել, մեկին՝ ծեծի ենթարկել։


Դրանից հետո նշված անձինք կարողացել են հեռանալ հիվանդանոցից։ Փաստորեն, ոստիկանները չեն կարողացել ոչ միայն կանխել հանցագործությունը, այլև ձերբակալել հանցագործությունը կատարողներին", - հայտնում են լրատվամիջոցները։