Մայիսի 4-ից մեծ փաթեթով սահմանափակումներ են վերացվելու մի շարք ոլորտներում. Ավինյան
Վարակի տարածման ինտենսիվության ցուցանիշն այս փուլում թույլ է տալիս ենթադրել, որ կարող ենք գնալ փուլային սահմանափակումների վերացման ճանապարհով։ Այս մասին հայտարարել է ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի ժամանակ։
Նրա խոսքով, շատ մեծ հավանականությամբ մայիսի 4-ից մեծ փաթեթով սահմանափակումներ են վերացվելու մի շարք ոլորտներում՝ մշակող արդյունաբերության, սպասարկման ոլորտներում (գեղեցկության սրահներ) և այլն.
«Այդ ամենը ոոշակի կանոնների պահպանմամբ: Հետագայում դիտարկվելու են բացօթյա սրճարանների, ավելի ուշ` սննդի փակ օբյեկտների բացման հնարավորությունը»,- ասել է Ավինյանը:
Ինչ վերաբերում է տրանսպորտին, ապա, ըստ պարետի, քանի որ այն բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտ է, դրան կանդրադառնան մայիսի կեսերին.
«Մեր կանխատեսումներում ունենք որոշակի զգուշավորություն, եթե տեսնենք, որ ուժեղ բռնկում է գնում, կրկին կարող ենք վերադառնալ խիստ սահմանափակումների ռեժիմներին»,- հավելել է Տիգրան Ավինյանը: