22.11.2024
Առաջին կին անտառտնտեսության ղեկավարը․ նոր նշանակում Անտառային կոմիտեում
prev Նախորդ նորություն

Մարտի 14-ից մինչև այսօր Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի. փոխնախարար

Արտակարգ դրության հայտարարման սկզբից՝ մարտի 14-ից, մինչև այսօր Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի: Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։


Նրա խոսքով, երկրների աշխարհագրությունը, որտեղից վերադարձել են ՀՀ քաղաքացիները, բավական լայն է։ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները, նշում է փոխնախարարը, փորձում են ամեն կերպ աջակցել արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիներին:


«Եթե ինչ-ինչ պատճառով թռիչքը հետաձգվում է, մեր դիվանագիտության ներկայացուցիչները փորձում են ամեն ինչ անել, որ այդ շրջանն ավելի դյուրին անցնի քաղաքացիների համար»,- նշեց փոխնախարարը՝ հորդորելով Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիներին ղեկավարվել ՀՀ դիվանագիտության ներկայացուցչությունների խորհուրդներով:


Նա վստահ է՝ որեւէ այլ միջամտություն այս գործընթացում չի կարող լինել ավելի արդյունավետ, քան ՀՀ դիվանագիտության ներկայացուցիչներն են։


Փոխնախարարը նշեց, որ դիվանագիտական ներկայացուցչություններն ապահովում են ՀՀ քաղաքացիների անվտանգությունը և ժամանակավոր կեցավայրերը: Աշխատանքներն իրականացվում են պարետատան, կառավարության, Առողջապահության նախարարության և քաղավիացիայի արդյունավետ համագործակցության շնորհիվ:


Ապրիլի 21-ի դրությամբ, նրա խոսքով, Հայաստան վերադառնալու համար դիմել է 1283 քաղաքացի։ 


Փոխնախարարը տեղեկացրեց, որ 200 դիվանագետ է ներգրավված ՀՀ քաղաքացիներին աջակցելու աշխատանքների մեջ։ Նա արտերկրում գտնվող հայրենակիցներին հորդորեց կապ հաստատել և առաջնորդվել դեսպանատների և հյուպատոսությունների աշխատակիցների խորհուրդներով:


Ըստ Ավետ Ադոնցի, լինում են դեպքեր, երբ օբյեկտիվ պատճառներով թռիչքները հետաձգվում են, քանի որ դրանք իրենց մեջ պարունակում են բազմաթիվ ռիսկեր, սկսած թռիչքների թույլտվութունների ստացումից մինչև առողջապահական անվտանգության հարցեր։