Նորաշենում կորոնավիրուսի հաստատված 8 դեպք կա, որից մեկն ապաքինվել է. Արարատի մարզպետ
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նորաշենում հուղարկավորության մասնակցած քաղաքացու մոտ կորոնավիրուս հայտնաբերվելու դեպքին ու նաեւ նշել, որ համայնքում վարակի հաստատված 8 դեպք կա:
«Հարգելի՛ լրագրողներ և մեզ զանգահարող քաղաքացիներ,
Հավատարիմ մնալով բաց և թափանցիկ աշխատելու մեր գործելաոճին՝ ևս մեկ անգամ հարկ եմ համարում տեղեկացնել, որ Նորաշեն համայնքում հուղարկավորությանը մասնակցել է մեկուսացված քաղաքացի, ում մոտ այնուհետև հայտնաբերվել է կորոնավիրուս։ Դեպքից հետո պարետատունը որոշել է ժամանակավորապես սահմանափակումներ կիրառել համայնքում»,- գրել է մարզպետը, ապա հավելել.
«Նորաշեն համայնքում այս պահին ունենք 8 հաստատված դեպք, որոնցից մեկն ապաքինվել է, մեկը՝ մահացել։
Մնացած կասկածելի աղբյուրներից ստացված տեղեկությունները իրականության հետ որևէ աղերս չունեն։
Հիշեցնեմ, որ վերոնշյալ համայնքում սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ պարետի որոշումն ուժի մեջ է մինչև 2020 թվականի ապրիլի 18-ը՝ ժամը 23։59»,- եզրափակել է Գարիկ Սարգսյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ պարետի որոշմամբ արգելվել է ելումուտն Արարատի մարզի Նորաշեն համայնք: