24.11.2024
Նավթի գների անկումից Ադրբեջանի կորուստները կարող են կազմել մինչև 1 մլրդ դոլար. Ալիև
prev Նախորդ նորություն

Մասիս Մայլիյանը հաջողություն է մաղթել Արցախի հաջորդ նախագահ Արայիկ Հարությունյանին

Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայլիյանը հադես է եկել հայտարարությամբ, որում վերահաստատել է ապրիլի 5-ին իր տված գնհատականն արդեն իսկ կայացած համապետական ընտրությունների նկատմամբ հանրության ունեցած ակնկալիքների և առկա իրողությունների մասին։


Նա նախագահական ընտրությունների առաջին փուլում իր ստացած ավելի քան 26% քվեները լուրջ հաջողություն է համարում՝ հաշվի առնելով այն պայմանները, որոնցում անցկացվել են ընտրությունները, ներառյալ՝ «ինձ ու իմ քաղաքական թիմին հայտարարված տեղեկատվական պատերազմը, որն, ի դեպ, շարունակվում է ցայսօր»։


Նրա խոսքով, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը զուտ տեխնիկական բնույթ ուներ և անցկացվել է այն պայմաններում, երբ արդեն ճանաչվել էր Արցախում կորոնավիրուսով հիվանդների առկայությւոնը և հայտարարվել էր արտակարգ իրավիճակի ռեժիմ։


«Մեր քաղաքական թիմի համար երկրորդ փուլի արդյունքները չեն ունեցել և չունեն բացարձակապես ոչ մի նշանակություն, հակառակ պարագայում մենք առաջին փուլից հետո չէինք դադարեցնի նախընտրական արշավը, չէինք փակի մեր նախընտրական շտաբները և չէինք հեռացնի քարոզչանյութերը։ Երկրորդ փուլից առաջ մենք հատկացված անվճար եթերաժամանակն ընդամենը օգտագործել ենք զանգվածային կուտակումների վայրերում կորոնավիրուսի համավարակի տարածման վտանգի պատճառով քաղաքացիներին կոչ անելու համար, որպեսզի չմասնակցեն քվեարկությանը», - ասված է Մայիլյանի հայտարարության մեջ։


Երկրորդ փուլի քվեարկությանը չմասնակցելու կոչերն անարձագանք չեն մնացել, արձանագրում է նա։ «Առաջին փուլի համեմատ մոտ 30 հազար քաղաքացիներ ապրիլի 14-ին չեն մասնակցել քվեարկությանը և մնացել են տանը՝ նվազեցնելով համավարակի տարածման վտանգը։ Այս առումով միանգամայն ուսանելի է հատկապես մայրաքաղաք Ստեփանակերտի բնակիչների արձագանքը։ Ուզում եմ հավատալ, որ այս փորձության հետևանքները կորստաբեր չեն լինի մեր հանրության համար», - ասել է Մայիլյանը։


Մայիլյանը միևնույն ժամանակ հաջողություն է մաղթել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին:


«Որպես Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար հաշվի առնելով անցկացված համապետական ընտրությունների արտաքին-քաղաքական կարևորությունը, ինչպես նաև ի գիտություն ընդունելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը, հաջողություն եմ մաղթում Արցախի Հանրապետության հաջորդ նախագահ Արայիկ Հարությունյանին։


Համավարակի տարածումը հնարավորինս կանխելու նպատակով քաղաքացիներին կոչ եմ անում հետընտրական ժամանակահատվածում իրենցից կախվածն անել պատկան մարմինների կողմից ձեռնարկվող միջոցների արդյունավետությունն ապահովելու համար։ Հաջողություն եմ մաղթում նաև Արցախի գործող և ձևավորվող իշխանություններին՝ համավարակին և դրանից ածանցյալ նոր մարտահրավերներին դիմակայելու գործում։ Մեր քաղաքացիների առողջության պահպանումը և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների կանխումը վեր է ամեն ինչից։


Առողջ եղեք, խնայեք ու պահպանեք ձեզ հանուն գալիք լուսավոր օրերի։


Աստված մեզ պահապան», - ասված է Մայիլյանի հայտարարության մեջ։


VERELQ-ը հիշեցնում է, որ Արցախում նախօրեին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը: Նա ստացել է քվեների 87 տոկոսը: Մասիս Մայիլյանը հայտարարել էր, որ բոյկոտում է երկրորդ փուլը: