Կարող եք հույս դնել անձամբ իմ աջակցության վրա. Փաշինյանը շնորհավորեց Հարությունյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։
«Մեծարգո պարոն Հարությունյան,
Իմ և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահ ընտրվելու առիթով։
Տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններում Արցախի ժողովուրդն արտահայտեց իր քաղաքական կամքը՝ իրացնելով մրցակցային ընտրությունների միջոցով պետական կառավարման մարմիններ ձևավորելու իր անքակտելի իրավունքը:
Արցախի ժողովուրդը մեկ անգամ ևս հաստատեց իր հողի վրա ապրելու, ինքնակազմակերպվելու, աշխատելու և արարելու իր աննկուն կամքը: Մեկ անգամ ևս ապացուցվեց, որ Արցախն անկախ և ժողովրդավարական պետություն է՝ իր կայացած ինստիտուտներով և հասուն քաղաքացիական հասարակությամբ:
Արցախի Հանրապետության մեծարգո նորընտիր Նախագահ,
Դուք ստացել եք Արցախի ժողովրդի մանդատը՝ ամրապնդելու Արցախի անվտանգությունը, զարգացնելու տնտեսությունը և կառուցելու ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա հիմնված հասարակություն:
Այս նպատակին հասնելու համար Դուք որդեգրել եք պետական կառավարման համակարգի, տնտեսական, քաղաքական, դատաիրավական, հանրային կյանքի այլ ոլորտներում խորը և համակարգված բարեփոխումներ իրականացնելու օրակարգ, և այս գործընթացում կարող եք հույս դնել Հայաստանի կառավարութան և անձամբ իմ աջակցության վրա»։
Ապրիլի 14-ին Արցախում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլին Արայիկ Հարությունյանը ստացել է քվեների 88 տոկոսը, Մասիս Մայիլյանը՝ 12 տոկոսը։