24.11.2024
ԱՄՆ քաղաքացիների համար կկազմակերպվի տարհանման չարտերային միակ չվերթը. դեսպանատուն
prev Նախորդ նորություն

Հայաստանը Թուրքիայից նյութական աջակցություն չի խնդրել. ԱԳՆ-ի արձագանքը

Հայաստանը չի դիմել Թուրքիային նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար նյութական աջակցություն ստանալու խնդարնքով:


Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով թուրքական կողմի այն հայտարարությանը, թե նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանն օգնություն է խնդրել Թուրքիայից և վերջինս պատրաստ է տրամադրել այդ օգնությունը:


«Մենք արդեն իսկ նշել ենք, որ Հայաստանի կողմից շարունակական ջանքեր են ձեռնարկվում այսօր դժվար կացության մեջ հայտնված մեր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ՝ հատկապես այն երկրներից, որտեղ լայն տարածում է ստացել նոր տիպի կորոնավիրուսի համավարակը: Այս համատեքստում պետք է նշեմ, որ արդեն իսկ ուրբաթ օրը Հայաստան են տեղափոխվել Թուրքիայում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած մեր 73 քաղաքացիներ. այս հարցում ՀՀ ԱԳՆ պաշտոնական օղակները համագործակցել են թուրքական և վրացական համապատասխան մարմինների հետ: Թուրքական կողմի հետ համագործակցությունը սահմանափակվել է միայն այս շրջանակով, և Հայաստանը չի դիմել այս շրջանակից դուրս որևէ այլ աջակցության խնդրանքով», - ասում են է ԱԳՆ մամուլի ծառայությունից:


Ավելի վաղ Պոլսո Հայոց պատրիարքարանը հաղորդագրություն էր տարածել, թե Թուրքիայի նախագահ Ռեթեբ Թայիփ Էրդողանը պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ պատրաստակամություն էր հայտնել դեղորայքային օժանդակություն ցուցաբերել Հայաստանին համավարակի դեմ պայքարելու համար, ինչպես նաև դյուրացնել Թուրքիայից հայրենիք վերադառնալ ցանկացող Հայաստանի քաղաքացիների մեկնումը։


Օրեր առաջ առավոտյան Ստամբուլից Հայաստան է շարժվել երեք ավտոբուս՝ տուն տանելով 66 հայաստանցիների, որոնց ճանապարհին միանալու էին ևս մի քանիսը։


Միաժամանակ Թուրքիայի ԱԳՆ է հրավիրվել Թուրքիայում Չինաստանի դեսպանը՝ Հայաստանին տրամադրված օգնության արկղերի վրա գրառման առնչությամբ պարզաբանում տալու համար:


«Հարկավոր է նշել, որ Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակվող ցամաքային շրջափակման, դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում՝ երկու երկրների փոխգործակցության հնարավորություններն էականորեն սահմանափակ են և պահանջում են իրական բարի կամք ու վստահության ստեղծում:


Ցավոք սրտի, թուրքական կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում հնչած որոշ հայտարարությունները չեն նպաստում համագործակցության ապաքաղաքականացված և մարդասիրական միջավայրի ձևավորմանը: Հատկապես ափսոսանքի է արժանի երրորդ երկրի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության, ժողովուրդների բարեկամության և ազգային խորհրդանիշների հանդեպ անհարգալից վերաբերմունքը ու անհարկի քաղաքականացումը», - ասված է հայտարարության մեջ:


Պաշտոնական Անկարայի զայրույթի պատճառը Արարատ լեռան հիշատակումն է, որը Թուրքիայի տարածքում է գտնվում և կոչվում է Աղրը լեռ: Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակներում Չինաստանից Հայաստան ուղարկված բժշկական պարագաներով արկղերի վրա գրված էր. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:


Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակ Համի Աքսոյի փոխանցմամբ` Անկարայում Չինաստանի դեսպանը հայտնել է, թե Հայաստան ուղարկված արկղերը պատրաստվել են տեղական իշխանությունների կողմից և Երևան են տեղափոխվել մասնավոր ընկերության միջոցով, ի սկզբանե տուփերի վրա միայն չինարեն գրառում է եղել, որը Արարատի մասին հիշատակում չի պարունակել, անգլերեն գրառումը հետո է ավելացվել:


Դեսպանը, ընգծելով, որ Չինաստանը հարգում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, նշել է, որ հարցի առնչությամբ քննություն է ընթանում, և արդյունքի մասին առաջիկայում կհայտնեն թուրքական կողմին: