23.11.2024
Զոհրաբ Մնացականյանն ու Ջավադ Զարիֆը քննարկել են կորոնավիրուսի դեմ համընդհանուր պայքարը
prev Նախորդ նորություն

Բակո Սահակյանը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին անց է կացրել խորհրդակցություն` նվիրված նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին:

Ուշադրության հատուկ կենտրոնում էր մեր հանրապետությունում գրանցված նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:

Նախագահն ընդգծել է, որ չնայած իրականացված միջոցառումներին, մեր հանրապետությունում այնուամենայնիվ գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման դեպք, ինչը պահանջում է համապատասխան շտկումներ մտցնել իրականացվող աշխատանքների մեջ՝ նպատակ ունենալով չեզոքացնել կամ նվազագույնի հասցնել վարակի տարածման հնարավորությունները:

Կատարվող աշխատանքների մասին զեկույցներով հանդես են եկել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, շահագրգիռ կառույցների ղեկավարները:

Խորհրդակցության ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաեւ ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում բնակչության առողջության պահպանման խնդիրներին:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պետք է ամենաբարձր մակարդակով իրականացնել կանխարգելիչ եւ կազմակերպչական բոլոր միջոցառումները, ապահովել անհրաժեշտ բժշկական պարագաների եւ ախտահանիչ միջոցների ձեռքբերումն ու տեղերում ախտահանման աշխատանքների համակարգված իրականացումը, վեր հանել եւ շտկել առկա բացերն ու թերացումները:

Նախագահ Սահակյանը հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ ներկայիս իրավիճակը պահանջում է պատասխանատվության բարձր աստիճան եւ աշխատանքների համակարգված իրականացում: