Կորոնավիրուսով հիվանդներից 14-ի վիճակը ծանր է, 1-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր. նախարար
Հայաստանում այս պահին կորոնավիրուսով հիվանդացության 482 հաստատված դեպք կա: Նրանցից 58-ը վերջին մեկ օրվա ընթացքում հաստատված դեպքերն են: Այս մասին կառավարության մարտի 30-ի արտահերթ նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«58 դեպքերից 25-ն ի սկզբանե եղել են կարանտինում, հատուկ շփման վայրերում, այսինքն շփման շրջանակ պրակտիկորեն չեն ունեցել, ինչը համաճարակաբանական տեսանկյունից շատ լավ է: 31 հոգին, որոնց մեջ կա նաեւ բուժաշխատող, նորից այնպիսի անձինք են, որոնք ի սկզբանե կասկածելի գոտում են եղել: Այսինքն շփված են եղել հաստատված դեպքի հետ: Եւ միայն երկուսն են, որ բերովի դեպքեր են արտերկրից, որոնց շփման շրջանակը պարզվում է», - ասաց նա:
Ներկայացնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն Հայաստանում, նախարարը նշեց, որ հիվանդներից 14-ի վիճակը ծանր է, 1 անձի վիճակը՝ ծայրահեղ ծանր: "Չեմ ուզում առաջ անցնել, բայց ասեմ, որ ծայրահեղ ծանրը, կդառնա ծանր, այսինքն՝ ունենք բարելավում, հնարավոր է թոքերի արհեստական օդափոխության սարքը անջատենք և նա ինքնուրույն շնչի",- ասաց նախարարը՝ հավելելով, որ բժիշկների աշխատանքի շնորհիվ երկու ծանր համարվող պացիենտ կարող է տեղափոխվել սովորական պալատ։
"Եվս երկու ծանր դեպք մտածում էինք, որ հնարավոր է կդառնան ծայրահեղ ծանր. մեր բժիշկների շնորհիվ կդադարեն համարվել ծանր եւ կտեղափոխվեն սովորական պալատ",-ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին անդրադարձավ կորոնավիրուսից մահվան երկու դեպքերին՝ նշելով. «Երկու պացիենտներն էլ ունեցել են շատ ծանր խրոնիկական հիվանդություններ: Նրանցից մեկն ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում: Երկրորդն ունեցել է էլի սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային հիպերտոնիա, սրտամկանի ինֆարկտից եւ ինսուլտից առաջացած հետեւանքներ: Այս կարգի քաղաքացիների նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն է պետք, որպեսզի նրանք հանկարծ չվարակվեն, որովհետեւ շատ մեծ ռիսկի դաշտում են հայտնվում»: