Արցախում առայսօր կորոնավիրուսի վարակով հաստատված դեպք չկա
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունն իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ հանրապետությունում առայսօր կորոնավիրուսի վարակով հաստատված դեպք չկա: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ԱՀ կառավարության կողմից միջոցներ են ձեռնարկվել անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքների պաշարները համալրելու համար: ԱՀ առողջապահության նախարարությունը պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցներով ու բարեգործական միջոցներով ձեռք է բերել կորոնավիրուսի մասին իրազեկող պաստառներ, հեռահար լազերային ջերմաչափեր, տարբեր տեսակի դիմակներ, պաշտպանիչ միջոցներ, ախտահանիչ լուծույթներ, մեկանգամյա օգտագործման խալաթներ, ձեռնոցներ, գլխարկներ, բախիլներ ու այլ պարագաներ, որոնք բաշխվել են ըստ նշանակության:
Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատությունները շարունակում են ապահովվել անհրաժեշտ բժշկական պարագաներով: Դադարեցվել են երկրորդային գնումների ընթացքը և գումարներն ուղղվել տարբեր տեսակի ախտահանիչ նյութերի ու բժշկական նշանակության ապրանքների պահուստների ձևավորմանը: Բոլոր շրջանային բուժմիավորումներում նախատեսված են համապատասխան սենյակներ՝ անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսի վարակով կասկածվող անձանց մեկուսացնելու համար, իսկ Շուշիի բուժմիավորումում՝ կորոնավիրուսի վարակով հաստատված անձանց բուժումը կազմակերպելու համար։
Արցախի առողջապահության նախարարության կողմից իրականացվում են հնարավոր բոլոր կանխարգելիչ միջոցառումները ՝ հանուն մեր բնակչության առողջության։