Իմ կոչն ու խնդրանքը բոլորին՝ մաքսիմալ լրջությամբ վերաբերվել այս իրավիճակին. Փաշինյան
24.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է ժողովրդին:
«Հայաստանը, հայ ժողովուրդը, ինչպես ամբողջ մարդկությունը, դժվար օրեր են ապրում:
Նոր կորոնավիրուսի համաճարակը ոչ միայն շարունակում է տարածվել աշխարհում, այլև՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն նոր թափ է հավաքում:
Աշխարհում ավելի քան 350 հազար կորոնավիրուսի հաստատված դեպք կա, ավելի քան 16 հազար մարդ մահացել է վարակից:
Ի՞նչ գիտենք մենք կորոնավիրուսի մասին: Դա մի վարակ է, որը արագորեն, մարդուց անցնում է մարդուն օդակաթիլային եղանակով, ախտահարում է մարդու շնչառական համակարգը, արտահայտվում է չոր և տևական հազով, շնչարգելությամբ, որն ուղեկցվում է ջերմությամբ և հասնում ընդհուպ ծայրահեղ ծանրության թոքաբորբի:
Համաշխարհային և հայաստանյան փորձը, սակայն, ցույց տվեց, որ կորոնավիրուսով հիվանդը կարող է չունենալ ոչ մի ախտանշան: Այսինքն՝ մարդը կարող է վարակված լինել, բայց չհազալ, շնչառական խնդիրներ ու ջերմություն չունենալ: Նման դեպքերում, մեծ հավանականությամբ՝ մարդը չի էլ կռահի, որ վարակակիր է և կբուժվի առանց որևէ միջամտության, և հետևաբար՝ հիվանդությունը որևէ վտանգ չի ներկայացնի նրա համար:
Խնդիրն այն է, սակայն, որ այս ընթացքում նա կարող է վարակել բազմաթիվ ընկերների, հարազատների, ընտանիքի անդամների: Նրանցից շատերի համար նույնպես հիվանդությունը լուրջ վտանգ չի ներկայացնի. համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ վիրուսը հիմնականում անվտանգ է երեխաների, երիտասարդների համար և նրա հիմնական զոհը դառնում են 70-ից բարձր տարիք ունեցող անձինք, ինչպես նաև խրոնիկ հիվանդություն ունեցողները: Եվ հետևաբար, հիմնական խնդիրը մեր վատառողջ հայրենակիցներին, մեր ծնողներին, տատիկներին և պապիկներին պաշտպանելն է, հնարավոր ամեն ինչ անելը, որ նրանք խուսափեն վարակից: Իհարկե, վարակվելու փաստն ինքնին, դատավճիռ չէ. աշխարհում ավելի քան 100 հազար մարդ հաջողությամբ բուժվել է կորոնավիրուսից, այդ թվում՝ 70-անց մարդիկ, արձանագրվել է նույնիսկ 95-ամյա պացիենտի բուժման դեպք, բայց յուրաքանչյուր կյանքը անգին է և մենք պետք է ամեն ինչ անենք մահվան ելքով դեպքերից խուսափելու համար:
Հենց սրան են ուղղված եղել մեր բոլոր գործողությունները հենց ամենասկզբից: Մենք դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում ուսումնական պրոցեսը դադարեցրեցինք ոչ միայն երեխաներին վարակից պաշտպանելու, այլև նրանց միջոցով վարակի տարածումը թույլ չտալու համար: Այս նպատակն ունեն նաև հետագայում կիրառված ավելի խիստ սահմանափակումները: Եվ մեր խնդիրը ոչ միայն վարակի հետագա տարածումը թույլ չտալն է, այլև մեր առավել խոցելի խմբերին պաշտպանելը և առողջապահական համակարգի անտանելի գերբեռնվածությունը կանխելը:
Սիրելի հայրենակիցներ,
այսօրվա ժամը 18.00-ի դրությամբ մեր վիճակագրությունը հետևյալն է. մենք ունենք կորոնավիրուսի հաստատված 249 պացիենտ, որոնց մեծ մասը գտնվում է Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, մյուսները հանրապետության այլ բուժհաստատություններում:
Նրանց մի մասն այս պահին նույնիսկ ջերմություն չունի, ինչը հույս է ներշնչում, որ շատերը կբուժվեն նույնիսկ առանց որևէ բժշկական միջամտության և նրանց այս պահին հիվանդանոցում գտնվելու հիմնական իմաստն այն է, որ չվարակեն ուրիշ քաղաքացիների:
Մեր վարակակիր հայրենակիցների շրջանում 65-ից բարձր տարիքի 11 անձ կա, 70-ից բարձր տարիքի 5 անձ: 80-ից բարձր պացիենտ այս պահին բարեբախտաբար չունենք: Ընդհանուր առմամբ թոքաբորբ տանող 30 հիվանդ ունենք, նրանցից 5-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում և դժբախտաբար նրանցից մեկի՝ 77-ամյա մեր հայրենակցի վիճակը ծայրահեղ ծանր է: 4-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Այս պահի դրությամբ ունենք 868 մեկուսացված քաղաքացիներ, ավելի քան 2419 քաղաքացու համար սահմավել է ինքնամեկուսացում տներում և հույս ունեմ՝ նրանք բոլորը ճշգրտորեն կպահպանեն մեկուսացման պայմանները:
Ինչ վերաբերվում է վարակի տարածման աշխարհագրությանը, այս պահի դրությամբ կորոնավիրուսի դեպքեր ունենք մայրաքաղաք Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում:
Այս դեպքերի մեծ մասի ծագումնաբանությունը մեզ հայտնի է: Ինչպես ասել ենք նախկինում, կորոնավիրուսի տարածման երեք զարգացող ճյուղ ենք ունեցել. Իրանից ժամանած մեր հայրենակիցները, Էջմիածնի մեր հայրենակիցները և Երևանի արտադրամասի մեր հայրենակիցները:
Ըստ էության մեր գործողությունների արդյունքում հաջողվեց կանգնեցնել Իրանի և Էջմիածնի ճյուղերի հետագա զարգացումը, և պայքարում էինք Երևանի արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը կանխելու համար:
Մարտի 23-ի ախտորոշումների վերլուծությունը, սակայն, ցույց է տալիս, որ Երևանի արտադրամասի ճյուղը հնարավոր է մեզ համար անվերահսկելի զարգացում է ունեցել, քանի որ նոր դեպքեր ենք արձանագրել Երևանի և Չարենցավանի այլ արտադրամասերում, ինչը մեզ հանգեցրեց եզրակացության, որ պետք է մեկ շաբաթով շատ ավելի խիստ սահմանափակումներ կիրառենք:
Ըստ այդմ, այսօրվանից առնվազն մեկ շաբաթով երկրում գործում են նոր սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է և թույլատրվում է միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը և որ կարևոր է մարդկանց միայն կենսական անհրաժեշտ տեղաշարժը: Փողոցում դուրս եկած մեր քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, և այդ բացատրությունը պետք է տեղավորվի «կենսական անհրաժեշտ» տեղաշարժի տրամաբանության մեջ:
Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ և պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման:
Ինչ վերաբերվում է կենսական անհրաժեշտ համարվող գործունեությունների և տեղաշարժերի ցանկերին, Պարետատունը դրանք հրապարակել է արդեն և հարկ չեմ համարում թվարկել բոլոր դեպքերը:
Նշեմ միայն, որ այսօրվանից առնվազն մեկ շաբաթով փակ են բոլոր ռեստորանները և սրճարանները, աշխատելու են խանութները, դեղատները, բանկերը և ճիշտ է, քաղաքացիները հնարավորություն են ունենալու այցելել խանութ, դեղատուն և բանկեր, բայց և ուզում եմ բոլորիդ խնդրել, որ առավելագույնս օգտվեք օնլայն ծառայություններից՝ օնլայն գնումներ, օնլայն վճարումներ և օնլայն բանկինգ ծառայություններից:
Սիրելի հայրենակիցներ,
հասկանում եմ, որ շատերդ նման ծառայություններից օգտվելու փորձ չունեն, բայց սա շատ լավ առիթ է սովորել ժամանակակից աշխարհին հատուկ տեխնոլոգիական այս լուծումները, մանավանդ որ այդ ծառայությունները ձեր կյանքը միանշանակ կդարձնեն ավելի հարմարավետ ոչ միայն համաճարակի պայմաններում, այլև դրանից հետո:
Ուզում եմ նաև ներողություն խնդրել բոլորիցդ այս սահմանափակումների և պատճառվող անհարմարությունների համար: Հույս ունեմ, սակայն, որ բոլորիդ համար ակնհայտ է, որ սա արվում է հենց ձեր և հատկապես մեր ազգային գիտակցության հենասյուների՝ մեր ծնողների, տատիկների, պապիկների անվտանգությունն ապահովելու համար:
Նշեմ նաև, որ հենց այս նպատակով բոլոր այն թոշակառուները, ովքեր իրենց թոշակները կանխիկ են ստանում, այս ամիս կարիք չեն ունենա գնալ փոստային բաժանմունքներ և թոշակները կստանան առձեռն՝ իրենց բնակարաններում Հայփոստի շրջիկ խմբերի կողմից:
Նաև սահմանվել է, որ բոլոր խանութները, դեղատները, բանկերն առավոտյան ժամը 10-ից 12-ը կսպասարկեն միայն 65-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիներին: Բոլոր մյուս քաղաքացիներին կոչ եմ անում այդ ժամերին խանութներից գնումներ չկատարել:
Իմ կոչն ու խնդրանք է բոլորիդ՝ մաքսիմալ լրջությամբ վերաբերվել այս իրավիճակին, սպառնալիքներին, սահմանափակումներին, տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության դեպքում, ունենալով անձնագիր կամ նույնականացման քարտ, երկու հոգուց ավելի խմբերով չհավաքվել անգամ բակերում, զրուցարաններում կամ թաղերում: Եվ ընդհանրապես, խստագույնս հետևել պարետատան բոլոր հրահանգներին:
Տանը մնալու ընթացքում պահպանել հակահամաճարակային հիգիենայի բոլոր կանոնները և հետևել առողջապահության նախարարության հրահանգներին:
Սիրելի հայրենակիցներ,
Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն իսկ արձանագրել է, որ 2020 թվականն անկումային է լինելու համաշխարհային տնտեսության համար: Որոշ գնահատականների համաձայն անկումը ավելի խորն է լինելու, քան անգամ 2008-09 թվականների տնտեսական ճգնաժամի ժամանակ: Հայաստանի պարագայում կանխատեսումներն այս պահի դրությամբ դրական են, բայց ակնհայտ է, որ մենք կորցնելու ենք աճի այն տեմպը, որը համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորեցինք 2019 թվականին:
Բայց ինչպես ասել եմ նախկինում, այս վիճակը մենք ընկալում ենք ոչ թե որպես ողբերգություն, այլ որպես նոր հնարավորություն Համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի տեղադիրքը փոխելու, տնտեսական հեղափոխության մեր օրակարգը ավելի արդյունավետ և կրկնապատիկ տեմպերով կյանքի կոչելու համար:
Աշխարհում համախառն ներքին արդյունքի 3 տրիլիոն դոլարանոց անկում է լինելու, այսինքն՝ համաշխարհային շուկայում այդքան տեղ ազատվելու է: Եվ մենք պետք է այսօրվանից մեզ տրամադրենք, որ այդ ազատված տեղի առնվազն 30 միլիարդանոց դոլարանոց հատվածը հենց Հայաստանը պետք է զբաղեցնի և այս խնդիրը պետք է լուծի առաջիկա հինգ տարում:
Սա նշանակում է, որ մենք խնդիր պետք է դնենք զբաղեցնել ազատվող շուկայի մեկ տոկոսը և ես հավատում եմ, որ կարող ենք դա անել:
Այսօր արդեն ամբողջ աշխարհն է հիացած հայ գործարարի տաղանդով, որոնց շնորհիվ կորոնավիրուսի ամենաճգնաժամային պահին Հայաստանը պարենային և լայն սպառման ապրանքների որևէ դեֆիցիտ չունեցավ և չունի: Այսպիսի արդյունքով չեն կարող պարծենալ աշխարհի շատ ու շատ զարգացած երկրներ: Եվ սա մեր գործարարների, աշխատող հայ մարդու տաղանդի շնորհիվ:
Ուզում եմ արձանագրել, որ կառավարությունը հստակ քայլեր է մշակել մեր բիզնեսի մրցունակ և հեռանկարային հատվածին աջակցելու համար և այդպիսի առաջին փաթեթները կընդունվեն հինգշաբթի օրը կայանալիք կառավարության նիստում: Ընդհանուր առմամբ կառավարությունը շուրջ 150 միլիարդ դրամ է տրամադրելու՝ իրականում ոչ թե ճգնաժամային այս վիճակին դիմակայելու, այլ ետճգնաժամային աշխարհում մեր հաղթանակները նախապատրաստելու համար:
Կառավարության առաջիկա նիստում մենք կընդունենք նաև գյուղատնտեսության խթանման լայնածավալ ծրագիր: Ինչպես և խոստացել էի՝ բոլոր տեսակի նոր տրամադրվող գյուղատնտեսական վարկերի տոկոսները կառավարության կողմից կզրոյացվեն, ինչպես նաև առանձնահատուկ պայմաններ կստեղծվեն ռեալ աշխատող և նոր ձևավորվող գյուղատնտեսական կոոպերատիվների համար:
Իմիջիայլոց, գյուղատնտեսական գործունեությունը այս օրերին չպետք է արգելակվի և ես կոչ եմ անում մեր բոլոր գյուղացիներին ակտիվորեն զբաղվել գարնան գյուղատնտեսական աշխատանքներով, որովհետև նաև պարետատան որոշմամբ գործունեության այդ տեսակը համարվել է կենսական:
Ասեմ նաև, որ կառավարության առաջիկա նիստում հատուկ փաթեթ կընդունվի գործող բիզնեսների լիկվիդայնության հնարավոր խնդիրները չեզոքացնելու և անհրաժեշտ լիկվիդայնությամբ ապահովելու, այդ թվում աշխատատեղերը պահպանելու և աշխատավարձերը վճարելու համար:
Կառավարությունը շարունակում է աշխատել սոցիալական աջակցության փաթեթը, որի համար տրամադրելու ենք շուրջ 25 միլիարդ դրամ, առավել հասցեական և արդյունավետ ծախսելու ուղղությամբ և այս բոլոր ուղղություններով մեր աշխատանքները չեն դադարելու:
Մենք նորանոր գաղափարներ, փաթեթներ, ծրագրեր ենք ներդնելու ճգնաժամային այս վիճակում աշխատանքը և աշխատող մարդկանց աջակցելու նպատակով: Սա դուրս է և վեր է կասկածից:
Բայց բոլորիս ուշադրությունը ուզում եմ հրավիրել մեկ ուրիշ փաստի և մեկ ուրիշ հանգամանքի վրա: Տանը մնալու, մեկուսանալու և ինքնամեկուսանալու այս ժամանակները չափազանց հարմար են կարդալու, մտածելու, մեր երազած ապագան պլանավորելու, և այդ ապագան կյանքի կոչելու վճռականությամբ տոգորվելու համար: Սա ինքնահայեցման, վատ սովորություններից ազատվելու ամենահարմար ժամանակն է, որովհետև հենց նման պահերին ենք հասկանում, թե ինչքան խոցելի ենք մենք, թե նման օրհասական պահերին մեզ ինչպիսի մարտահրավերների առաջ են կանգնեցնում անառողջ ապրելակերպը՝ անառողջ սննդակարգը, նստակյաց կյանքը, ավելորդ քաշը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը:
Կոչ եմ անում այս ժամանակահատվածն օգտագործել ծխելը թողնելու, ավելորդ քաշից ազատվելու, թեթև սննդի կուլտուրա որդեգրելու համար:
Կոչ եմ անում մեկուսացման այս առիթը օգտագործել առավոտյան վազքի կամ հեծանվավազքի, կամ մարմնամարզության կուլտուրա որդեգրելու համար, իհարկե՝ այս ընթացքում պահպանելով առնվազն 10 մետր սոցիալական հեռավորություն և բացառելով թիմային մարզաձևերը՝ առնվազն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Պարետատունը իր որոշմամբ սահմանել է այսպիսի հնարավորություն:
Կոչ եմ անում այս ժամանակահատվածն օգտագործել մեր հայրենիքի, մեր հայրենակիցների նկատմամբ վերաբերմունքը դեպի լավը փոխելու համար և իսկապես ամեն ինչում փորձենք մեր հայրենիքին վերաբերվել որպես Օջախի, ժողովրդին որպես ընտանիքի, մեր հայրենակիցներին որպես ընտանիքի անդամների:
Կոչ եմ անում հնարավորինս կարդալ, լրացնել սեփական գիտելիքների պաշարը, ու մտածել, մտածել ապագայի ու այդ ապագան մերը դարձնելու գործում մեզնից յուրաքանչյուրի անելիքի մասին. մեզնից յուրաքանչյուրը որպես անհատ և մենք որպես ժողովուրդ և պետություն պետք է ոչ թե ուրիշների խղճահարությունն ու կարեկցանքը փնտրենք, այլ հարգանքն ու ակնածանքը, հիացմունքն ու սերը, սա պիտի լինի մեզնից յուրաքանչյուրի նպատակը՝ թե անհատական և թե ազգային պետական մակարդակում, և սա մեր պարտքն է ինչպես նախնիների, այնպես էլ ապագա սերունդների առաջ, ու նույնիսկ ամենաօրհասական պահին մենք չպետք է մոռանանք, որ սերում ենք Հայկ նահապետից, և մեր անունն է հայ:
Եվ ինչպես դասականն էր ասում՝ Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե’ս- Անհետ կորել, անցել է - չար մշուշի պես:
Կորոնավիրուսը նույնպես կանցնի չար մշուշի պես և կմնա այն ապագան, որը այսօր մենք կառուցում ենք մեր մտքերում, մեր ազգային-պետական հավաքական մտքում: Այնպես որ՝ գլուխներդ բարձր, դուխներդ տեղը:
Սա առավելևս վերաբերվում է մեր բժիշկներին, առողջապահական համակարգի այն աշխատողներին, ովքեր անձնուրաց կռիվ են տալիս վարակի դեմ: Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր բուժաշխատողներին, ՀՀ ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Արտակարգ իրավիճակների նախարարության, պետական գերատեսչությունների, մասնավոր հատվածի այն աշխատակիցներին, ինչպես նաև բոլոր կամավորներին, ովքեր աջակցում են մեր բժիշկներին և իրենց նպաստն են բերում համաճարակի դեմ պայքարին:
Եվ իհարկե, հատուկ շնորհակալություն մեր զինվորներին, սպաներին և գեներալներին, ովքեր այս խառը այս ժամանակներում աչալուրջ հսկում են մեր հայրենիքի անվտանգությունը:
Եվ ի վերջո, խոսքս ուզում եմ ավարտել լավ լուրով. արդեն առողջացումով հիվանդանոցներից դուրս են գրվել նախկինում կորոնավիրուսով վարակված 4 քաղաքացիներ, ինչպես նաև մեկուսացումից տուն է վերադառնում 37 քաղաքացի: Մենք քայլ առ քայլ հաղթահարում ենք կորոնավիրուսը:
Առողջություն եմ մաղթում մեր վարակված բոլոր քաղաքացիներին, համբերություն եմ մաղթում բոլոր մեկուսացված և ինքնամեկուսացված մեր քաղաքացիներին, և համոզված եղեք մենք կհաղթենք այս չարիքին:
Եվ ուրեմն,
Կեցցե Ազատությունը, Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրում են եւ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում: