24.11.2024
Իմ կոչն ու խնդրանքը բոլորին՝ մաքսիմալ լրջությամբ վերաբերվել այս իրավիճակին. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Արցախն Ադրբեջանի առաջին հանրապետության մաս դարձնելու ծրագիրը 100 տարի առաջ տապալվեց. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Շուշիի հայկական ջարդերի 100-րդ տարելիցի կապակցությամբ:


«Այսօր մենք միանում ենք Արցախի մեր հայրենակիցներին և նրանց հետ մեկտեղ ոգեկոչում ենք մեկ դար առաջ Շուշիի հայկական ջարդերի բազմահազար զոհերի հիշատակը:


Հարյուր տարի առաջ Ադրբեջանի առաջին հանրապետության զինված ստորաբաժանումները փորձեցին զենքի ուժով և խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացմամբ լուծել արդեն իսկ միջազգային օրակարգ մտած Ղարաբաղի հարցը:


Արդյունքում այրվեց և ոչնչացվեց հայկական Շուշին, որը տարածաշրջանի տնտեսական, հոգևոր և մշակութային մեծ կենտրոն էր: Աննախադեպ դաժանությամբ իրականացված այս վայրագությունը ղեկավարեց Խոսրով բեկ Սուլթանովը, ով հետագայում՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին, ակտիվ մասնակցություն ունեցավ նացիստական զորքերի շարքում ադրբեջանական լեգիոնի ստեղծման գործում:


Այնուհանդերձ, հրով և սրով Արցախն Ադրբեջանի առաջին հանրապետության մաս դարձնելու ծրագիրը տապալվեց և փաստացի դարձավ Ադրբեջանի անկախության կորստի պատճառներից մեկը:


Այսօր, այս դեպքերից հարյուր տարի անց մենք մեր հարգանքի տուրքն են մատուցում բոլոր անմեղ զոհերի հիշատակին և ընդգծում ազատ հայրենիքում ապրելու և արարելու հայ ժողովրդի վճռականությունը»: