24.11.2024
«Հանցագործության կանխումը մի քաղաքականացրեք». Արցախի ոստիկանություն
prev Նախորդ նորություն

Վրաստանում մեկ ամսով արտակարգ դրություն հայտարարվեց

Վրաստանում մեկ ամսով արտակարգ դրություն հայտարարվեց: Այս մասին ասուլիսում հայտարարեց  Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:


Նրա խոսքով, արտակարգ դրությունը կապված է կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների հետ և կտևի մինչև ապրիլի 21-ը: Այդ ընթացքում կկիրառվեն կոշտ միջոցառումներ:

Մասնավորապես, բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք պետք է պահպանեն արտակարգ դրության ռեժիմը: Դրա խախտման համար ադմինիստրատիվ պատիժ կկիրառվի՝ ֆիզիկական անձանց դեպքում 3000 լարի, իրավաբանական անձանց՝ 15 հազար լարի: Նույն գործողությունների կրկնման դեպքում հնարավոր է քրեական պատասխանատվության ենթարկվեն՝ մինչև երեք տարի ազատազրկմամբ:


Ավելի վաղ, ազգային անվտանգության խորհրդի նիստին վարչապետն ու նախագահը պայմանավորվել էին՝ արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության դեպքում արագ ընդունել որոշումն ու անցնել իրականացմանը:


Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Վրաստանում հասել է 47-ի: Մինչ այս պահը Վրաստանի կառավարությունը մի շարք սահմանափակումներ է մտցրել կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, այդ թվում` մարտի 18-ից երկու շաբաթով արգելվել է բոլոր օտարերկրացիների մուտքը Վրաստան, բոլոր սահմանները փակ են:


Ավելի վաղ Վրաստանում ուսումնական հաստատությունները հեռավար ուսուցման են անցել, փակ են գրեթե բոլոր հաստատությունները բացի պետական ծառայություններից, բանկերից, մթերային խանութներից, դեղատներից ու բենզալցակայաններից: Արգելվել է երթուղային տաքսիների երթևեկը, սպորտդահլիճների գործունեությունը: Կառավարությունը կոչ է անում ինքնամեկուսացվել՝ հատկապես 60-ն անց տարիքով մարդկանց չհաճախել մարդաշատ վայրեր: