24.11.2024
Երևանի ավագանին հավանություն է տվել 2019-ի բյուջեի կատարողականին
prev Նախորդ նորություն

ՏՏ հայ մասնագետների խումբը կմոդելավորի կորոնավիրուսի հնարավոր տարածումը Հայաստանում

Կորոնավիրուսի (COVID-19) տարածման տվյալների հավաքագրման, վերլուծության, միջազգային գործընկերների ունեցած տվյալների համադրման, իրավիճակի ընթացքի կանխատեսման նպատակով ստեղծվել է հետազոտական խումբ, որում ներգրավված են վերլուծաբաններ, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության մասնագետներ, այլ փորձագետներ: Այս մասին հայտնում են կառավարությունից։


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել ձևավորված խմբի մասնագետների հետ, քննարկել առաջիկա քայլերն ու հնարավորությունները։


Խմբի ձևավորումը նպատակ ուներ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ օջախների քարտեզագրման, մարդկանց տեղաշարժերի վերաբերյալ տեղեկատվության, տարածման գոտիների և այլ տեղեկատվության համադրման արդյունքում կորոնավիրուսի (COVID-19) ընդհանուր հավանական տարածման մոդելավորում իրականացնելու, ինչը լուրջ աջակցություն կարող է հանդիսանալ առողջապահական ոլորտի ենթակառուցվածքների աշխատանքի համար:


Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ հետազոտական խմբի գործունեությունը թույլ կտա իրավիճակի մասին հավաստի և ճշգրիտ տեղեկատվություն ստանալ, ինչը կնպաստի հիվանդության տարածման կանխարգելման աշխատանքների առավել լավ համակարգման իրականացմանն ու կառավարելի դարձնելուն:


Նախարարը կարևորել է գիտահեն այս նախագիծը կյանքի կոչելու ուղղությամբ՝ միասնական նպատակի իրականացման գործում յուրաքանչյուր մասնագետի անհատական ջանքերի ներդրումը։


Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են նաև խմբի գործունեության ուղղությունները, ռեսուրսների անհրաժեշտությունն ու հնարավոր ժամկետները։


Նախագիծն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ ՀՀ առողջապահության նախարարության հետ փոխգործակցության արդյունքում: