Վթար Լոռու մարզում. շրջվել է «Գլորիա» ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը
Մարտի 17-ի վաղ առավոտյան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից:
Վթարի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ, մեկ տասնյակից ավելի տուժած քաղաքացիներին տեղափոխվել են մարզային հիվանդանոցներ։ ԱԻՆ-ից մեզ հայտնեցին՝ նախնական տեղեկություններով մահացած անձինք չկան։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը տեղափոխելիս է եղել Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին, և Սպիտակ – Վանաձոր ավտոճանապարհի 13-րդ կիլոմետրից դուրս է եկել երթևեկելի գոտուց ու կողաշրջվել։
Մինչ կողաշրջվելն ավտոբուսը բախվել է «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենային: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներից մեկը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոբուսի տակից. տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Լուսնկարները՝ Հայկական ժամանակի