Ազգային ժողովի մարտի 4-ի նիստին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը խիստ քննադատության ենթարկեց կառավարության քաղաքականությունը դատաիրավական ոլորտում՝ նշելով, որ ժամանակին իշխանությունները բոլոր դատավորների վրա կոռումպացվածի կնիք էին դնում, սակայն այժմ մեղմել են մոտեցումները:
«Բա ասում էիք՝ բոլոր դատավորները կոռումպացված են, հիմա դա ի՞նչ եղավ»,- հռետորական հարց ուղղեց Մարուքյանը` խոսելով կառավարության ներկայացրած Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի նախագծի մասին:
Կախյալ դատավորներ ունենալու մեխանիզմ է
«Լսում եմ ելույթները, ասում եք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգելու է դատավորների բարեվարքությունը: Հիմա հարց՝ ստուգելո՞ւ է, պատասխան՝ ոչ, որովհետև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եղած դատավորների բարեվարքությունը չի ստուգելու, այլ ստուգելու է նրանց հայտարարագրերը, որը մաթեմատիկական ճշգրտությամբ թվեր են: Գործող դատավորներ կան, որ գիտենք ինչ թվեր են ստացել, բայց հանձնաժողովը ստանալու է, ստուգելու է և չի կարողանալու դրանց վերաբերյալ որևէ հարց տալ և հետ գնալ: Ինչ վերաբերում է ապագա թեկնածուներին, նրանց հայտարարագրերը էլի գալու են, էլի նայելու են, մարդ է, գույք ունի, հայտարարագրել է: Դրա ի՞նչն է բարեվարքություն»,- ասաց նա:
Ըստ Մարուքյանի՝ երբ ասում էին՝ բարեվարքություն, խոսքը դատական համակարգի զտման, վեթինգի գործընթացի մասին էր: Գործող շուրջ 250 դատավորների զտման գործընթաց պետք է իրականացվեր:
«Ինչ վերաբերում է ներդրվող մեխանիզմին, սա կախյալ դատավորներ ունենալու մեխանիզմ է: Օրինակ՝ աշխատակարգային խախտման համար կարելի է դատավորին կարգապահական վարույթի մեջ ներառել, ասել, օրինակ, գործից ուշացել է ու ընկնել դատավորի հետևից: Բայց որ դատավորը մինչև գիշերը 12-ը դատավճիռ է գրում, դա նորմալ է: Նախ էս փաթեթը պետք է բերվեր կտոր–կտոր, բերվել է մեծ կարգավորումներով»,- նշեց Մարուքյանը:
ինչո՞ւ են դատավորները վախեցած ու ահաբեկված
Նախագիծը քննադատեց նաև ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զորհարբյանը, որի կարծիքով, կառավարության ներկայացրած նոր օրինագծով ոչ թե դատական խնդրահարույց համակարգը ռեսթարտ է արվում, այլ այն ավելի կախյալ է դառնում պետական տարբեր ինստիտուտներից: Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի նախագծի քննարկման ժամանակ նա ընդգծեց, որ դատավորների մի մասի մեջ այնքան է գրաքննիչը նստած, որ վախենում է իր վճիռը կայացնելիս, որպեսզի հանկարծ իրեն չմեղադրեն հովանավորչական կամ կոռուպցիայի մեջ: Վերջում նա հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ են դատավորները վախեցած ու ահաբեկված:
«Ինձ համար բացարձակ տարբերություն չկա՝ դատական համակարգը կախված է եղել նախկին իշխանություններից, թե՞ հիմա էլ կախված կլինի այս իշխանության տարբեր գերատեսչություններից»,- հավելեց նա:
Զոհրաբյանի խոսքով՝ անհասկանալի է, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ինչ է անելու նախկին դատավորների մասով:
«Եթե ուզւում ենք իսկապես արդար դատական համակարգ ունենալ, այս նախագծում ճշգրիտ մեսիջները պետք է ներկայացնեինք, իսկ այստեղ մենք տեսնում ենք կատարյալ խառնաշփոթ: Մեր դատական գործերի ձգձգումը ես համարում եմ լրջագույն խնդիր, ՄԻԵԴ-ը ևս ողջամիտ ժամկետի սահմանումը համարել է արդար դատական համակարգի երաշխիքներից մեկը: Դատավորների մի մասի մեջ այնքան է գրաքննիչը նստած, որ վախենում է իր վճիռը կայացնելիս, որպեսզի հանկարծ իրեն չմեղադրեն հովանավորչական կամ կոռուպցիայի մեջ: Բազմաթիվ դատավորներ երազում են, որ իրենց միակ խաղի կանոնը լինի օրենքը»,- հավելեց նա:
Նաիրա Զոհրաբյանը նաև զարմանք հայտնեց առ այն, որ նոր օրենդրական փոփոխություններով դատավորի նշանակման տարիքային շեմը իջեցվում է 28-ից 25-ը: «Փորձառություն չունեցող մարդը չի կարող մարդկային ճակատագիր որոշել», - ասել է նա:
Ուրախ եմ տարիքային շեմն իջեցնելու առթիվ
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը համաձայն չէ ԲՀԿ-ի ընդդիմադիր գործընկերների այն պնդման հետ, որ եթե Դատական օրենսգրքի փոփոխություններով դատավորի նշանակման տարիքային շեմը 28-ից 25-ի իջեցնելը չի նպաստի գործերի արդար քննությանը՝ երիտասարդ դատավորների փորձի պակասի պատճառով:
ԱԺ այսօրվա նիստում անդրադառնալով ՀՀ Արդարադատության նախարարության մշակած՝ ՀՀ Դատական օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական փաթեթին, որը քննարկվում է առաջին ընթերցմամբ, Մարիա Կարապետյանը նախ շեշտեց. «Դատական իշխանության անկախության, հանրային վստահության մակարդակը հիմնված է դրա անփոփոխելիության վրա, սակայն միաժամանակ մենք ուզում ենք փոխել դատական համակարգը: Այս նպատակով քաղաքացիներին երկու գործիք ենք առաջարկում՝ ապրիլի հինգին տեղի ունենալիք հանրաքվեն, որի միջոցով ՍԴ-ն կվերադառնա Սահմանադրության ոգուն համապատասխանող մոդելի, իսկ երկրորդն այս օրենսդրական փաթեթն է»:
Ըստ Կարապետյանի. «Կարեւոր է, որ քաղաքացիներն իմանան՝ նոր նշանակվող դատավորների բարեվարքության եւ գիտելիքների առումով կստուգվի նրանց՝ անաչառ եւ անկախ դատավորներ լինելու հնարավորությունը: Դրան կնպաստի հոգեբանական թեստի անցկացումը: Շատ ուրախ եմ տարիքային շեմն իջեցնելու առթիվ, որովհետեւ երիտասարդները մեծ ներուժ ունեն եւ պետք է մասնակցեն որոշումների կայացմանը: Նրանց փորձի բացակայությունը փորձանքի բացակայություն է լինելու, եւ նրանք իսկապես կարողանալու են երիտասարդական իդեալիզմն ու մաքսիմալիզմն օգտագործել անաչառ որոշումներ կայացնելու համար»:
Հատկանշական է, որ իշխանական խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը Մարիա Կարապետյանի դիրքորոշման հետ չհամաձայնեց: Նա ասաց, որ «կողմ» կքվեարկի՝ հույսով, որ իսկապես արմատական փոփոխություններ կլինեն դատական համակարգում: