24.11.2024
Ավարտվեց Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան (լուսանկարներ)
prev Նախորդ նորություն

Բեռնափոխադրումների սահմանափակումը ՀՀ տնտեսության վրա զգալի ազդեցություն չի ունենա. ՏԶՆԿ

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը վերլուծել է կառավարության՝ Իրանի հետ հաղորդակցության ժամանակավոր սահմանափակումը մինչև մարտի 24-ը երկարաձգելու որոշումը, ինչը նաև տարածվելու է բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վրա: Նաև այն, որ Վրաստանի կողմից իրանական ծագման միրգ և բանջարեղենի վերաարտահանումը Ռուսաստան Վրաստանի տարածքով ժամանակավորապես դադարեցվել է:


«Արտահանման և ներուծման կտրվածքով նշենք, որ 2019թ.-ին Իրան-Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 408.8 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2018թ.-ի համեմատ 12.4% աճ է արձանագրել: Երկու երկրների միջև ապրանքների առևտրաշրջանառությունը 2019թ.-ին կազմել է Հայաստանի առևտրաշրջանառության ընդամենը 5%-ը: 2019թ.-ին Հայաստանը հիմնականում Իրան է արտահանել Էլեկտրաէներգիա (արտահանման ծավալների 75%) և ոչխարի կամ այծի թարմ միս (10%): Ներմուծման դեպքում՝ հիմնականում բնական և հեղուկ գազ (ներմուծման ծավալների 20%), նավթ և նավթամթերք (10%), ցեմենտ (8%):

Մինչև 2020թ.-ի մարտի 24 բեռնափոխադրումների սահմանափակումը Հայաստանի տնտեսության վրա զգալի ազդեցություն չի ունենա, իսկ ուղևորափոխադրումների սահմանափակումը զբոսաշրջության ոլորտի միջոցով կազդի մեր տնտեսության մի շարք ոլորտների վրա՝ կացության և հանրային սննդի կազմկերպման վրա և այլն, ինչը կարող է դանդաղեցնել տնտեսական աճի տեմպը:


Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքով իրանական ծագման միրգ և բանջարեղենի տեղափոխման արգելանքին, ապա եթե այդ ապրանքները չվերաարտահանվեն Ռուսաստան, ապա իրացվելու են հայկական շուկայում՝ մրցակցություն առաջացնելով տեղական և իրանական ապրանքների միջև: Հայաստանի սպառողը ընտրության դեպքում կարող է ընտրել ավելի էժան ապրանք, ինչը կհանգեցնի գյուղաբնակ տնային տնտեսությունների եկամուտների կրճատմանը:


Այսպիսով՝ Իրանի հետ բեռնափոխադրման վրա սահմանափակումը Հայաստանի տնտեսության վրա զգալի ազդեցություն չի ունենա, ուղևորափոխադրումը՝ կդանդաղեցնի տնտեսական աճի տեմպը հատկապես 2020թ.-ի առաջին եռամսյակում, իսկ Վրաստանի տարածքով իրանական ծագման ապրանքների վրա արգելանքը՝ կհանգեցնի հայկական գյուղմթերքի շուկայում գների իջեցմանը և գյուղաբնակ տնային տնտեսությունների եկամուտների կրճատմանը»,- ասված է ՏԶՆԿ հաղորդագրության մեջ: