Ալիևի հետ հանդիպումից հետո Փաշինյանը հրապարակել է «մյունխենյան սկզբունքները»
Մյունխենում փետրվարի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից ու դրան հետևած հանրային քննարկումից հետո, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «մյունխենյան սկզբունքները»:
«Մյունխենյան սկզբունքներ
1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:
2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի եւ բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:
3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:
4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում:
5. Հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար եւ Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաեւ Ադրբեջանը:
6. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որեւէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է», - ասված է Փաշինյանի հրապարակման մեջ։