Դատարանը մերժեց Դավիթ Սանասարյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը
Դատարանը մերժեց ՊՎԾ լիազորությունները դադարեցված տնօրեն Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պաշտպանների միջնորդությունը:
Այսօր ընթացող դատական նիստի սկզբում պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:
Միջնորդությունը քննելուց հետո՝ գործը քննող դատավոր Դավիթ Բալայանը հայտնեց, որ դատարանը միջնորդությունը մերժելու որոշում է կայացրել։ Նա հայտարարեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
«Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ անկախ այն հանգամանքից, թե քննչական, որ մարմնում է իրականացվում նախաքննությունը, միևնույն է՝ դատավարական հսկողությունն իրականացնող մարմինը դատախազությունն է»-ասաց նա:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: