24.11.2024
Մամուլի տեսություն. ԵԱՀԿ-ն ցանկանում է մոռացության տալ հանրաքվեի լիգիտիմության հարցը
prev Նախորդ նորություն

Մամուլի ասուլիս. ՀՅԴ-ին կառավարությունում նախարարական երեք պորտֆել կտրվի

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնանկության եւ այդ պորտֆելը դաշնակցությանը տալու լուրերը, կարելի է ասել, «Ժողովուրդ»-ի աղբյուրները երեկ հաստատեցին: Նա հրաժարական կտա: Նկատենք, որ Արմեն Աշոտյանը համացանցում ամենաակտիվ պաշտոնյաներից է եւ երեկ հրապարակել էր Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող կառավարության նոր մասնաշենքում իրեն հատկացված աշխատասենյակի տեսագրությունը, որի վերաբերյալ այսպիսի գրառում էր թողել. «Շնորհակալ եմ, բայց բարով աշխատեք»: Այլ կերպ ասած՝ Աշոտյանն արդեն իսկ ակնարկում է, որ նոր աշխատասենյակում շուտով այլ մարդ է աշխատելու: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դաշնակցությունը ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում առաջարկում է Լեւոն Մկրտչյանի թեկնածությունը: Վերջինս կրթության եւ գիտության նախարարի պաշտոնն անցած տարիներին հասցրել է զբաղեցնել արդեն երեք անգամ` 1998-1999, 2001-2003 եւ 2006-2008 թվականներին: Մնացած հարցերը ՀՀԿ ԳՄ այսօր կայանալիք նիստում կքննարկվեն»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել մարտի 1-ին՝ երեկոյան գրեթե նույն ժամերին Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպելու «Հայ ազգային կոնգրես» կուսակցության եւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առանձին դիմումները: Կանխատեսելի էր, որ նախընտրական տարում ներքաղաքական պայքարը թեժանալու է հենց ընդդիմադիր ուժերի միջեւ, եւ այս հեռանկարն արձանագրվել է արդեն շատ անգամ: Այս իրավիճակը գրեթե իդեալական է իշխանության համար, եւ այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը, ի դեմս այս դեպքում՝ Երեւանի քաղաքապետարանի, այս «վեճում» հանդես է գալիս որպես երրորդ կողմ կամ արբիտր: Մեծ հավանականությամբ հնարավոր է ասել, որ իրավիճակի պահպանման դեպքում ընդդիմադիր որեւէ ուժ չի կարողանա ընտրություններին նախորդող տարում հասարակությանն իր շուրջ համախմբելու որեւէ արդյունավետ միջոց գտնել, առավել եւս 2017-ի խորհրդարանական ընտրություններում արձանագրել այնպիսի էական հաջողության շանսեր, որոնք թույլ կտան միջամտել ներիշխանական խաղին եւ ազդեցություն ունենալ, օրինակ, ՀՅԴ-ՀՀԿ, ապագայում անկասկած նաեւ ԲՀԿ-ի հետ պայմանավորվածությունների վրա: Խնդիրն այն չէ, որ ընտրություններից առաջ մարտի 1-ի հանրահավաքով ընդդիմադիր երկու ուժերը նվեր են ընծայում իշխանություններին: Խնդիրն այն է, որ մարտի 1-ի հանրահավաքի համար կռվում այդ ուժերի միջեւ, այսպես ասած, այնպիսի ուժային հարաբերակցություն է ամրապնդվում, որ մինչեւ 2017 թվականը նրանցից որեւէ մեկին ունակ չի դարձնի առանցքային առավելության հասնել մյուսի նկատմամբ եւ այդպիսով առավել հանգիստ գնալ ընտրությունների քվեարկության»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյան-Սերժ Սարգսյան հարաբերությունների թեման դարձել է քաղաքական կուլիսների հաջորդ թոփը ՀՅԴ-ի` կոալիցիայի մաս կազմելու թեմային զուգահեռ: Բանն այն է, որ «բերանփակ», երբեք իր մտքերը-ծրագրերը որեւէ մեկին չվստահող Սերժ Սարգսյանը վերջին շրջանում նեղ միջավայրում երբեմն-երբեմն արտահայտվում է հանրաքվեի ժամանակ Հովիկ Աբրահամյանի որոշ «թերացումների» մասին, քանզի շտաբի պետին հրահանգվել էր որեւէ ակնառու կիքս թույլ չտալ սահմանադրական հանրաքվեի ընթացքում եւ Հայաստանը զերծ պահել միջազգային զեկույցների ատամի տակ ընկնելուց: Այսինքն, կեղծել աննկատ՝ հատկապես միջազգային դիտորդներից: Սակայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը հակառակն ապացուցեց, ինչն էլ, փաստացի, սահմանափակեց Ընտրական օրենսգրքի մանևրի դաշտն իշխանության համար: Եվ ոչ միայն: Կուլիսներում գտնում են, որ Սերժ Սարգսյանն այդ «ակնարկներով» փորձում է հող պատրաստել եւ «ա լա Գագիկ Ծառուկյան» հրաժեշտ տալ ոչ միայն հանրաքվեն, այլ նաեւ տնտեսությունը «վարի տված» Արգամիչին կամ պարզապես պրոֆիլակտիկա է իրականացնում վերջինիս ամբիցիաները զսպելու մասով: Ի դեպ, որոշ իշխանականներ լրագրողներին անվերջ հարցնում են՝ կարո՞ղ է իմանաք` ովքե՞ր են այն 20-30 հոգին, որոնց մասին Սերժ Սարգսյանը նշել է մի նեղ միջավայրում, թե Նորք-Մարաշի ահաբեկիչները հանդիպել են երկու տասնյակից ավելի հայտնի դեմքերի հետ, որոնց նկատմամբ չգիտես ինչպես վարվես` «իմանալ-չհայտնելու» մասով»:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ՀՅԴ երկարատեւ բանակցություններից հետո Դաշնակցությունն ի վերջո ստացել է այն, ինչ ցանկանում էր: Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ին կառավարությունում նախարարական երեք պորտֆել կտրվի: Խոսքը արդարադատության, կրթության եւ գիտության, ինչպես նաեւ տարածքային կառավարման նախարարության մասին է՝ առանց արտակարգ իրավիճակների: «ՀԺ»-ն օրեր առաջ գրել էր, որ Սերժ Սարգսյանը պնդում է, որպեսզի արդարադատության նախարարի պորտֆելը հանձնվի դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանին, վարչապետը, սակայն, համառում է՝ հակադարձելով՝ Արփինե Հովհաննիսյանին խորհրդարանից հանեցինք, նշանակեցինք արդարադատության նախարար, որ հիմա հեռացնե՞նք: Ըստ ՀՀԿ-ական շրջանակներից ստացած տեղեկությունների, սրա հետեւանքով Սարգսյանի ու Աբրահամյանի հարաբերությունները բավական լարվել էին: Վարչապետն ու կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ջանք չէին խնայում՝ Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարարի պաշտոնում պահելու համար: Բանակցությունների ընթացքում մի պահ որոշվել էր արդարադատության նախարարության փոխարեն ՀՅԴ-ին հանձնել էկոնոմիկայի նախարարությունը: Ավելին, ըստ հավաստի տեղեկությունների, էկոնոմիկայի գործող նախարար Կարեն Ճշմարիտյանն արդեն իրերն էր հավաքել՝ իր կաբինետը ՀՅԴ-ական Մինասյանին զիջելու համար: Համառ պայքարից հետո, սակայն, դաշնակցությունը, փաստորեն, հասավ իր ուզածին: Հիշեցնենք, Արփինե Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով արդարադատության նախարար էր նշանակվել 2015-ի սեպտեմբերի 4-ին՝ 5.5 ամիս առաջ: Դաշնակցությունը, հիշեցնենք, համառ պայքար էր մղում նաեւ կրթության եւ գիտության նախարարի պորտֆելը ստանալու համար: Այս դեպքում էլ Սերժ Սարգսյանը չէր ցանկանում զիջել: Ենթադրվում է, Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը փոխադարձ համաձայնության են եկել. Սարգսյանը պնդել է արդարադատության նախարարի պորտֆելի համար, Աբրահամյանն էլ պնդել է, որ այդ դեպքում պետք է Արմեն Աշոտյանն էլ պաշտոնանկ արվի: ՀՀԿ-ական շրջանակներում խոսվում է, որ ԿԳ նախարարի պոստը թերեւս արդեն չորրորդ անգամ կհանձնվի Լեւոն Մկրտչյանին: Իսկ ԿԳ դեռեւս գործող նախարար Արմեն Աշոտյանը, ըստ նույն աղբյուրների, կամ դեսպան կնշանակվի, կամ էլ՝ կզբաղեցնի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, որը թափուր է 2014 թվականի ապրիլից, երբ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: Եվ վերջապես, տարածքային կառավարման նախարար է նշանակվելու Դավիթ Լոքյանը, որը, հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք զբաղեցնում էր գյուղատնտեսության նախարարի պաշտոնը: Ի դեպ, երեկ դաշնակցական պատգամավորներն այդպես էլ ԱԺ-ում չհայտնվեցին: Նրանք նաեւ հեռախոսազանգերին չէին պատասխանում: Սույն թեմայով մեկնաբանություններ անելիս ժլատ էին նաեւ ՀՀԿ-ականները: Պաշտոնապես հաջողվեց ճշտել ընդամենը, որ այսօր երեկոյան տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի, այնուհետեւ գործադիր մարմնի նիստ: Այս տեղեկությունը մեր թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Եթե վերջին պահին որեւէ արտառոց բան տեղի չունենա, ու կողմերը ինչ-որ հարցում չփոշմանեն, ապա այսօր երեկոյան կհայտարարվի ՀՀԿ-ՀՅԴ նոր համագործակցության ձեւաչափի եւ նախարարական վերոնշյալ 3 պորտֆելները ՀՅԴ-ին հանձնելու մասին: Ի դեպ, «ՀԺ»-ն գրել էր, որ Արծվիկ Մինասյանի փոխարեն ՀՅԴ համամասնական ցուցակով խորհրդարան է գալու դաշնակցական նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանը»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ ևս մի կուսակցություն է միացել Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածննդին»՝ Լիբերալ ժողովրդական կուսակցությունը։ Թե միացողի անունն ընթերցողին ոչինչ չի ասում, դրա հետևում, հաստատ, շատ քիչ կենդանի շունչ կա, սակայն ԲՀԿ-ի կուրացիայի տակ գտնվող լրատվամիջոցների պահվածքից տպավորություն է ստեղծվում, թե աշխարհացունց իրադարձություններ են կատարվում, ԲՀԿ-ի գլխավոր մրցակիցն այս անհասկանալի միավորումն է։ Նշված կայքերը, երկրի դարդուցավը թողած, անխնա դատափետում են դեռ չձավորված կառույցն ու դրա ղեկավարին։ Երեկոյան էլ իմացանք, որ «Ժառանգություն» կուսակցության Վայոց Ձորի համակարգող Նարինե Հարությունյանն ու կուսակցականներ Արիկ Սարգսյանը, Էմիլ Միքայելյանը, Մխիթար Սարգսյանը, Արիկ Աբրահամյանը դուրս են գալիս «ժառանգությունից»՝ «Վերածննդին» միանալու համար»: