24.11.2024
Սարգսյան. Հայաստանն ակնկալում է, որ ԵՄ հետ բանակցությունները կընթանան բնականոն հունով
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. ԵԱՀԿ-ն ցանկանում է մոռացության տալ հանրաքվեի լիգիտիմության հարցը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Ժամանակ» թեթրը գրում է. «Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն բացելու հեռանկարները կարծես թե դառնում են ավելի ու ավելի իրական: Դատելով Վարդան Օսկանյանի գործունեությունից՝ այդ կուսակցությունը առնվազն հռետորաբանության առումով կլինի ընդդիմադիր, անգամ կոշտ ընդդիմադիր դիրքերում: Թե որքանով կարող է իրական ընդդիմադիր լինել այդ կուսակցությունը՝ երեւի թե հնարավոր է որոշակի եզրահանգումներ անել ԲՀԿ-ում Վարդան Օսկանյանի գործունեությունից: Բանն այն է, որ ԲՀԿ-ում կոշտ ընդդիմության նշաձող սահմանած նախկին արտգործնախարարը մեծ հաշվով այդպես էլ քաղաքական գնահատական չտվեց այն իշխանությանը, այն ժամանակահատվածին, որում ինքն էլ նախարար էր եւ կրում էր տեղի ունեցողի հանդեպ քաղաքական պատասխանատվություն: Մինչդեռ այդ ժամանակահատվածում տեղի են ունեցել լրջագույն իրադարձություններ, հանրության հանդեպ բռնության լրջագույն դեպքեր, որոնց գագաթնակետը Մարտի 1-ի արյունահեղությունն էր, առավել եւս՝ Վարդան Օսկանյանի խոսնակային դերակատարմամբ: Խնդիրն այն է, որ նմանօրինակ քաղաքական գնահատականը ունի առանցքային երկու խնդիր: Նախ՝ այդ գնահատականը հանրության համար ինքնին որոշակի երաշխիք եւ համոզիչ փաստարկ է առ այն, որ իշխանության մեջ եղած գործիչը, այդուհանդերձ, գիտակցել է Հայաստանի իշխանական համակարգի արատները եւ դրանց իսկապես սպառնալից բնույթն ու վտանգավորությունը պետության համար, եւ ներկայումս, չլինելով իշխանություն, գործող իշխանության դեմ է կանգնել ոչ թե ընդամենը այդ կոնյունկտուրային դրդապատճառներով, այլ լիովին գիտակցված եւ անկեղծ: Հակառակ պարագայում, եթե որեւէ սուբյեկտ դատապարտում է այն, ինչ տեղի է ունեցել 2008-ի ապրիլից հետո, բայց խուսանավում է այն կապակցությամբ, ինչ տեղի է ունեցել 2008-ի ապրիլից առաջ, դա ավելի շատ կասկած է առաջացնում, որ խնդիրը հենց «առաջ»-ն ու «հետո»-ն են, ոչ թե բուն համակարգը, որը Հայաստանում մեծ հաշվով «առաջ» եւ «հետո» չունի արդեն քառորդ դար: Մյուս խնդիրն այն է, որ երբ չկա այդ գնահատականը, նշանակում է՝ տվյալ գնահատականից խուսանավող սուբյեկտը որոշակի կաշկանդող հանգամանքներ ունի, որոնք էլ ներկայիս իշխանությունը կարող է օգտագործել այդ սուբյեկտի դեմ: Այսինքն՝ Վարդան Օսկանյանի դեպքում այդ քաղաքական ամբողջական գնահատականը անհրաժեշտ է նաեւ նրա քաղաքական անխոցելիությունը բարձրացնելու, հանրային պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու համար, եթե նա կուսակցությամբ ձեռնամուխ է լինելու հանրային շահի սպասարկմանը, ոչ թե ներգրավվելու է Հայաստանի քաղաքական դաշտի համար ավանդական դարձած ինտրիգների ասպարեզ: Բանն այն է, որ այդ դեպքում որեւէ կուսակցություն՝ կամա, թե ակամա, ծառայելու է իշխող համակարգի շահին: Թե այդ շահը հատկապես որ անհատի դեպքում կարող է ավելի շատ արտահայտվել, որի դեպքում ավելի քիչ՝ սա արդեն հասարակական, պետական տեսանկյունից, ըստ էության, նշանակություն չունի, քանի որ տարբերությունները ընդհանուր առմամբ կոսմետիկ են, իսկ Հայաստանի քաղաքացիներն էլ գեղեցկության եւ նրբագեղության մրցույթի ժյուրի չեն, որ ընտրեն կոսմետիկայի միջեւ»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նաիրա Զոհրաբյանին գահընկեց անելու հավակնություններ հետապնդող Աբրահամ Մանուկյանին իշխանական թևից զգուշացրել են, որ «տոռմուզ» տա, որովհետև Զոհրաբյանով, թե առանց նրա, հիմա իշխանությունը չի պատրաստվում կոալիցիա կազմել ԲՀԿ-ի հետ, և այս փուլում իշխանությունը Նաիրա Զոհրաբյանին է տեսնում ԲՀԿ մնացորդացի ղեկավարի աթոռին։ Սակայն խմորումները ԲՀԿ-ում չեն ավարտվում կոալիցիայի թեմայով, խնդիրը տարածքային կառույցների ու ԲՀԿ ղեկավարության միջև բացված անդունդն է, որն առաջիկայում էլ ավելի է խորանալու։ Աբրահամ Մանուկյանի կուրացիային ենթարկվող տարածքայիններում առաջիկայում, ըստ մեր աղբյուրների, էլ ավելի կսրվի կուսակցության քաղաքական գծի հարցը՝ լինել անկեղծ իշխանական, թե՞ կեղծ ընդդիմադիր։ Չի բացառվում անգամ, որ առաջիկա ամսում սպասվող կուսակցության համագումարին այս հարցը բարձրացվի»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ 2017թ. խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու ոչ թե մայիսին, ինչպես նախկինում էր, այլ մարտ ամսին, ինչը դե ֆակտո նշանակում է, որ նախընտրական փուլն արդեն սկսված է, և ուժերը պետք է բերել բարձր պատրաստվածության։ Ժամանակային «լուֆտը» փոքրացել է նոր Սահմանադրության անցումային դրույթներով, եթե նախկինում ընտրությունները տեղի էին ունենում ԱԺ լիազորությունների ավարտից հետո 30-40 օրերի միջակայքում, ապա հիմա ավելի վաղ են կայանալու, ինչն իր հերթին քաղաքական նշանակություն ունի իշխանությունների համար՝ որքան շուտ իրենց հաստափոր ՀՀԿ-ն անցնի խորհրդարան, այնքան շառ ու փորձանքից հեռու»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր լրանում է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովին մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուներ ներկայացնելու ժամկետը: ԱԺ իշխանական մեծամասնության սահմանած կարգով նշված հանձնաժողովն իրեն ներկայացված թեկնածուներից պետք է ընտրի մեկին եւ ներկայացնի խորհրդարանի հաստատմանը: Սակայն ՀՀ Սահմանադրությունում իրավասու հանձնաժողովին իրավունք չի տալիս մեկ թեկնածու ընտրել եւ առաջադրել ԱԺ-ին: Ներկա՝ մեկին առաջադրելու կարգը հակասահմանադրական է, քանի որ հանձնաժողովին վերապահվում է ԱԺ-ի` ՄԻՊ ընտրելու լիազորությունը: Կարելի է ասել, որ հակասահմանադրական ճանապարհով ՀՀԿ-ն փարատում է իր վախերը, որպեսզի խուսափի իր թեկնածուի քվեարկության տապալումից, քանի որ ԱԺ-ն ՄԻՊ-ին պետք է ընտրի գաղտնի քվեարկությամբ: Բա որ հանկարծ ՀՀԿ-ականներն ուրիշ թեկնածուի ընտրե՞ն: Նշենք, որ ՄԻՊ պաշտոնում ՀՀԿ-ն առաջարկել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին, ԱԺ ընդդիմությունը` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին»:

«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի փորձագիտական խմբի փետրվարի 6-ին հրապարակած վերջնական զեկույցը մի շարք հարցեր է առաջացնում։ Ակնհայտ է, որ հիշյալ փաստաթուղթը կազմողներն առաջնորդվել են որոշակի եւ հստակ նպատակադրումով. այն է՝ ամեն կերպ ի ցույց դնելով Հայաստանում դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի թերությունները, միաժամանակ պարզապես մոռացության տալ նրա լեգիտիմության հարցը՝ այսօրվանից հայացքն ուղղելով 2017 թվականի գարնանը տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների վրա։ Գաղտնիք չէ, որ ի սկզբանե դրական էր Արեւմուտքի վերաբերմունքը սահմանադրության փոփոխության գաղափարի հանդեպ, ուստի տեղի ունեցածը դիտարկելով պրագմատիկ շահերի դիտանկյունից՝ ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի փորձագիտական խումբը իր վերջնական զեկույցում առաջնորդվել է հանրաքվեի արդյունքները նրա ընդունման ընթացակարգից տարանջատելու սկզբունքով։ Այսինքն՝ հանրաքվեն ճանաչվել է որպես կատարված իրողություն, որը որպես այդպիսին ենթակա չէ վիճարկման։ Նման մոտեցումը հիմնավորվել է նրանով, որ ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի դիտորդները ձայների հաշվարկին հետեւել են ընդամենը երկու տեղամասում, ուստի դրա հիման վրա չեն կարող որոշել, թե «արդյոք հայտնաբերված թերություններն իրենցից ներկայացնում են ավելին, քան հակաօրինական առանձին դեպքեր»։ Հասկանալի է, որ սա, այսպես ասած, պարզ պատրվակ է, քանի որ Հայաստանում ոչ ոք չի սահմանափակել ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի ներկայությունը ընդամենը երկու տեղամասի շրջագծում, այլ հենց իրենք են որոշել դիտորդական առաքելության ծավալն ու ուղղվածությունը։ Դրանից հետո անցնելով իր բուն գործին՝ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի փորձագիտական խումբը, սակայն, վեր է բարձրացրել ոչ միայն իր փորձագետների նկատած թերությունները, այլեւ առաջարկել է ընդհանրապես հայաստանյան ընտրական գործընթացներում եղած թերությունների հաղթահարման որոշակի մեխանիզմներ։ Այդ թերությունները, ըստ էության, մեր բոլոր ընտրությունների ուղեկից պրոբլեմներն են՝ ընտրացուցակների հստակեցված չլինելու փաստը, քարոզարշավի ընթացքում հանրային ռեռուրսի չարաշահումը, բողոքարկումների հարցը, ընտրախախտումների համար նախատեսվող պատիժների անհրաժեշտությունը, եւ այլն, եւ այլն։ Միաժամանակ անմիջապես աչք է ծակում այն իրողությունը, որ ընդամենը երկու տեղամասի դիտարկման հիման վրա ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի արձանագրած թերություններն այնքան շատ են ու բազմազան, որ առաջին հայացքից կարող է թվալ, թե գործ ունենք մի հսկայական դիտորդական առաքելության գործունեության արդյունքների հետ»։

«168 ժամ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական հանրաքվեից հետո երկիրը մտել է որակապես նոր փուլ. Հայաստանի Հանրապետությունը անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի։. Ըստ էության, մենք գտնվում ենք անցումային փուլում, և այսօրվա շատ գործընթացներ պայմանավորված են հենց այդ՝ անցումային փուլին բնորոշ հատկանիշներով։ Երկրի ու հասարակության զարգացման նոր ծրագիր առաջ բերելու, այն իրականացնելու հնարավորությունը կախված է բազմաթիվ գործոններից, տարաբնույթ, հաճախ իրարամերժ միտումներից։ Բնական ու տրամաբանական է, որ հասարակության մեջ տիրապետում է դրական և որակական փոփոխությունների ակնկալիքը, դրանք արագ տեսնելու ցանկությունը։ Սահմանադրական փոփոխություններն այդ առումով անհրաժեշտ հիմք են՝ ստեղծվել են բոլոր նախադրյալները զուտ քաղաքական և օրենսդրական առումներով։ Բայց այդ փոփոխությունները դեռ բավարար չեն երկրի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերները դիմագրավելու համար։ Այդ փոփոխությունները պետք է վերածվեն գործուն ծրագրերի։ Ահա այստեղ է բարդությունը, քանզի անհնար է հին գործիքներով, հին մեթոդաբանությամբ լուծել նոր խնդիրներ։ Անհնար է ընդհանրապես գտնել որևէ լուրջ հիմնախնդրի արդյունավետ լուծում՝ մնալով այն մակարդակում, որում այդ հիմնախնդիրն առաջացել է։ Այլ կերպ ասած, ունենք առկա և գալիք հիմնախնդիրներին համարժեք, ադեկվատ լինելու՝ որակապես համապատասխանելու պարտադրանք։ Նման իրավիճակում ամենավտանգավորը իներցիոն մոտեցումն է, իներցիոն պահվածքը, որը, ցավոք, այսօր դրսևորվում է թե քաղաքական դաշտում՝ իր իշխանական և ընդդիմադիր հատվածներով, թե հասարակության մեջ։ Կա պատրանք, որ առաջացած նոր իրավիճակում հնարավոր է արդյունավետ լուծումներ գտնել՝ կիրառելով հին մեթոդաբանությունը, հին մեխանիզմները, հին կադրային զինանոցը։ Համակարգային հիմնախնդիրները հնարավոր է արդյունավետ լուծել միայն համակարգային փոփոխությունների, այսինքն՝ համակարգի անխտիր բոլոր բաղադրիչների որակական վերափոխման ճանապարհով»։