24.11.2024
Կառավարությունը 103,7 մլն դրամ կհատկացնի «Իմ քայլին», ԲՀԿ-ին, ԼՀԿ-ին և ՀՀԿ-ին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Փաշինյանը վաճառում է հեղափոխությունը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«168 ժամ» թերթը գրում է. «Ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեի՝ արդեն իսկ սկսված իշխանական քարոզարշավը հերթական անգամ ու առավել ցայտուն կերպով բացահայտեց մի իրողություն՝ Նիկոլ Փաշինյանը վաճառում է հեղափոխությունը։ Վաճառում է այդ նույն հեղափոխությունն իրականացրած հասարակությանը։ Վաճառում է՝ հեղափոխության անվան տակ հեղափոխության իրական նպատակների տապալման պատասխանատվությունից հերթական անգամ խուսափելու նպատակով։ Թավշյա հեղափոխությունից հետո անցել է շուրջ երկու տարի, սակայն Հայաստանում իրականում որևէ հեղափոխական փոփոխություն տեղի չի ունեցել։ Երկրում գործում են նույն ինստիտուտներն ու կառուցակարգերը, ինչ նախկինում, Նիկոլ Փաշինյանը հաճույքով տեղավորվել է իր իսկ կողմից այդքան քննադատված սուպերվարչապետական համակարգում, պետությունը շարունակում է ապրել նախկինի իներցիայով։ Այս պայմաններում իշխանության ներբողած տնտեսական հեղափոխության մասին խոսելն անգամ անլուրջ է, քանի որ հատկապես տնտեսական կյանքում որևէ արմատական փոփոխություն չի եղել։ Միակ տեսանելի փոփոխությունն այն է, որ նախկին օլիգարխները վերանվանվել են «խոշոր սեփականատերեր» և շռայլորեն հանգանակություններ են կատարում կիսապետական-կիսաընտանեկան հիմնադրամներին։ 


Այսինքն, երկու տարվա ընթացքում Հայաստանում տեղի չի ունեցել որևէ տեսանելի փոփոխություն, որից կարելի կլիներ ենթադրել, թե կատարվածը հեղափոխություն է՝ բառի լայն և նեղ իմաստներով։ Արդյունքում՝ հեղափոխությունից իրականում մնացել է միայն հռետորաբանությունը կամ դրա բրենդը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անցած շուրջ երկու տարիներին աշխարհին վաճառելու անհաջող փորձեր անելուց հետո, այժմ պատրաստվում է վաճառել սեփական քաղաքացիներին։ «Հանուն հեղափոխության», «Այո հեղափոխությանը», «Այո ազատությանը»․․․ այս և նմանատիպ այլ ճոռոմ կարգախոսներն ասվածի հնչեղ վկայությունն են, ինչպես որ Նիկոլ Փաշինյանի կողմից նախօրեին գրված ոտանավորը՝ հանրաքվեի ու հեղափոխության նույնացման չթաքցվող մոտիվներով։ Եվ ողջ հարցն այլևս այն է, թե արդյոք հասարակությունը երկրորդ անգամ կուլ կտա՞ խայծը, երկրորդ անգամ հանուն իշխանության իրականացվող միջոցառումը «կգնի՞»՝ որպես հեղափոխություն, թե՞ այնուամենայնիվ կհրաժարվի աշխարհի կողմից արդեն իսկ մերժված այդ մտավարժանքից։ Ցանկացած ապրանք ունի իր գինը։ 2018 թվականին վաճառված հեղափոխության գինը Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էր։ Ո՞րն է լինելու ապրիլի 5-ի հանրաքվեի առիթով վաճառքի հանված հեղափոխության գինը։ Այս հարցի շուրջ պետք է մտածի հասարակությունը, և ոչ թե՝ «Այո» կամ «Ոչ» պարզունակ երկընտրանքի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրաքվեն ինքնին շատ լուրջ ինստիտուտ է. խորհրդարանական ընտրությունների սկզբունքը չի գործում այս դեպքում, խորհրդարանականի դեպքում լոկ դրական ձայներով են արդյունքները հաշվում. հանրաքվեի դեպքում գործում է պրակտիկան, որը կիրառվում է ողջ աշխարհում։ Դա ընդունված նորմ է․ հանրաքվեն կայացած է համարվում, եթե ընտրական իրավունք ունեցող 50% +1 կողմ է քվեարկել, ասել է թե` եթե անգամ դու ավելի շատ «կողմ» ձայն հավաքես, քան մեկ տարի առաջ (800 հազարից ավելի), միեւնույն է, բավարար չէ, եթե չկա բավարար մասնակցություն։ Բավարար թվով մարդիկ պետք է գնան, թեկուզ «չէ» ասեն, որպեսզի հանրաքվեն կայացած համարվի, իսկ դա շատ դժվար է ապահովել` հազար ու մի պատճառով։ Հիմա իշխանությունների համար կենաց-մահու խնդիրը ոչ այնքան «ոչ»-ի շտաբի ստեղծումն է, որքան մասնակցության թվի ապահովումը։ Որպեսզի մինիմալ շեմը` 650 հազար ձայնն ապահովվի, պետք է մասնակցի 1 միլիոն 300 հազար ընտրող, այլապես հանրաքվեն չեղյալ կհամարվի։


Միակ երկիրը, որ 50% կողմով եւ մասնակցությամբ կարող է հանրաքվե ապահովել, Ադրբեջանն է»,- ասաց սահմանադրագետ մեր զրուցակիցը: Իշխանությունները գնում են խոշոր քաղաքների քաղաքապետերի ընտրություններն էլ ապրիլի 5-ին անելու ճանապարհով, որ մասնակցությունն ապահովվի։ «Խելոք քայլ են մտածել, բայց դա չի նշանակում, որ եթե դու գնացել ես ընտրատեղամաս, պարտավոր ես վերցնել նաեւ հանրաքվեի ընտրաթերթիկը»: Կստիպեն։ «Եթե 10 տոկոսն էլ ասի` չեմ վերցնում, հանրաքվեն ինձ հետաքրքիր չէ, բավարար է»: ՍԴ դատավորներն իրավունք ունեն դիմել Եվրոպական դատարան. այդ դեպքում ի՞նչ է լինելու։ «Այո, անպայման կդիմեն եւ կհաղթեն»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Փետրվարի 5-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում հանդիպել էր Հայաստանում ԵԱՀԿ եւ ԵԽ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ՝ քննարկելու ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը: Սակայն, ըստ էության, նրա հանդիպումն անցել է անարդյունք. ԱԺ նախագահը չի կարողացել փաստարկներ բերել, բացատրել կամ համոզել դեսպաններին: Եվ ԱԺ նախագահի «ձախողումը» հերթական անգամ կոծկելու համար դեսպանների հետ անհրաժեշտ համարեց հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բանն այն է, որ երեկ էլ նա է կառավարությունում հանդիպել Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ: Եվ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կրկին անդրադարձ է եղել Սահմանադրական դատարանի վիճակին, եւ, ինչպես ասված է հաղորդագրությունում, վարչապետը մանրամասն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակին, Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին, այն անցկացնելու հանգամանքներին: Եվ ուշագրավ է, որ այս հանդիպմանը խորհրդարանից ներկա են եղել միայն Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեկնաբանեց, թե իրենք են հրավիրված եղել այդ հանդիպմանը: Ստացվում է՝ անգամ Արարատ Միրզոյանը չի հրավիրվել այդ հանդիպմանը: Նկատենք, որ առաջին անգամ չէ՝ երբ քաղաքական օրակարգում են Սահմանադրական դատարանի հետ կապված հարցերը, վարչապետը հանդիպում կամ հեռախոսազրույց է ունենում եվրոպական կողմի հետ։ Դրանից առաջ էլ՝ փետրվարի 3-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, ինչին հաջորդեց ԵԽԽՎ համազեկուցողների կողմից հայտնի հայտարարությունը։ Եվ այդ անգամ եւս, ըստ էության, բանակցելու բեռն իր ուսերին վերցրեց ՀՀ վարչապետը»։


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի խմբակցությունից դուրս գալը տեղի է ունեցել խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հստակ պայմանավորվածության արդյունքում: Ուրիխանյանը ցանկանում է զբաղվել սահմանադրական փոփոխությունների դեմ քարոզչությամբ և Ծառուկյանին համոզել է, որ լավ կլինի, եթե ինքն այդ գործունեությամբ զբաղվի խմբակցությունից դուրս՝ հարվածի տակ չդնելով Ծառուկյանին և նրա բիզնես շահերը»:


«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իմքայլական տարբեր գործիչներ պարբերաբար հեռախոսազանգեր ու հանդիպումներ են ունենում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ և փորձում համոզել որոշ պատգամավորների՝ դուրս գալ խմբակցության կազմից, իսկ նվիրված ու ակտիվ կուսակցականներին՝ հեռանալ կուսակցությունից։ Ավելին, այս գրոհներին զուգահեռ, իշխանությունները սոցցանցային հարթակներով ու ֆեյքերով տեղեկություններ են տարածում, թե մի քանի պատգամավորներ կլքեն ԼՀԿ շարքերը: Այս ամենի նպատակը ներքին խժդժություններ ձևավորելն ու կուսակցությունը հնարավորինս թուլացնելն է: ԼՀԿ-ում նման քայլերի մասին արդյո՞ք տեղեկություններ ունեն: ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը «Փաստի» հետ զրույցում ասաց. «Մենք նման տեղեկություններ չունենք, բայց կարող եմ ասել, որ դա շատ հատուկ է իշխանությունների գործելաոճին, և բնավ չեմ բացառում։ Բայց մեզ մոտ նման խժդժություններ չկան, մեր թիմում ամեն ինչ շատ ներդաշնակ է, միասնական: Այնպես որ, թող փորձվեն հանկարծ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» ձեր գործընկեր Սիսակ Գաբրիելյանն ասել է, որ ԼՀԿ ֆրակցիայից առաջիկայում էլի պատգամավորներ դուրս կգան․ ովքե՞ր են նրանք։ «Պարոն Գաբրիելյանը փորձում է խժդժություն մտցնել մեր շարքերում»,- ասաց ԼՀԿ-ականը: Իշխանությունները ԼՀԿ-ն քանդելու խնդի՞ր են դրել։ «Չգիտեմ` իշխանություններն ինչ խնդիր են դրել, բայց բացառվում է, որ ինչ-որ մեկը դուրս գա ԼՀԿ-ից»: Երբ Բաբաջանյան Արմանի մասին Ձեզ հարց էինք ուղղում, այդ ժամանակ էլ էիք բացառում։ «Բաբաջանյանի դիստանցավորումը ԼՀԿ-ից նկատելի էր ամիսներ շարունակ, բացի այդ` նա կուսակցական գործիչ չի եղել երբեք։ Մենք պնդում էինք, որովհետեւ նման խոսակցություն իր հետ չկար ընդհանրապես»: Անակնկա՞լ էր։ «Ոչ այնքան»: Կարո՞ղ է հիմա որեւէ մեկը եւս այդպես «անակնկալ» հեռանա։ «Բացառում եմ. մեր մեջ` ԼՀԿ-ում այլեւս չկա այնպիսի մարդ, որ իշխանությունները կուզենային իրենց կողմ տանեին, իսկ Սիսակը փորձում է փոթորիկ սարքել մի բաժակ ջրում, քաղաքական լեքսիկոնով ասած` «մուտիտ» է անում»: ԼՀԿ-ին նաեւ մեղադրում են «միշայացավի» մեջ։ «Մեզ մեղադրելու այլ պատճառ չունեն եւ իրենց ներսը նայելու փոխարեն անվերջ կառչում են չեղած բանից»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի երիտմիլիոնատեր որդիները շատ արդյունավետ են դասավորել իրենց բիզնեսների ֆունկցիաները: Օրինակ՝ եթե Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդուն՝ Լևոն Քոչարյանին պատկանող «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը ապահովագրում է ավտոմեքենաները, ապա ավագ եղբոր՝ Սեդրակ Քոչարյանի «Տոյոտա Երևան»-ը վերանորոգում է տվյալ մեքենաները: Այսինքն՝ ամբողջ գումարը շրջանառվում է իրենց պատկանող ընկերությունների միջև և իրենց գրպանից դուրս չի գալիս։ Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, «Տոյոտա Երևան» ընկերության փայատերերից է նաև Երևանում մի շարք էլիտար շենքերի սեփականատեր, Ռոբերտ Քոչարյանի բիզնես-գործընկերոջ համբավ ձեռք բերած Սամվել Մայրապետյանը»։


«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ «Այո»-ի շտաբը ղեկավարելու է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Այստեղ, իհարկե, տարօրինակ ու զարմանալի ոչինչ չկա, քանի որ Պապիկյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, առավել եւս, որ Պապիկյանը գլխավորել է նաեւ 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը։ Սակայն, «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս որոշումը կապված չէ միայն այն հանգամանքի հետ, որ ֆորմալ առումով նա ՔՊԿ ղեկավարն է: Իրականում, հասկանալի է, որ ՔՊԿ վարչության նախկին ֆորմալ նախագահների ժամանակ էլ (Արայիկ Հարությունյան, Սասուն Միքայելյան), այդ կուսակցության իրական ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է եղել եւ կա: Ըստ մեր իշխանական աղբյուրների, առաջնային նշանակություն ունի այն հանգամանքը, որ Պապիկյանը այն հազվագյուտ անձանցից է, ում, մեր զրուցակցի խոսքերով, «գրեթե անվերապահ վստահում է Փաշինյանը. գրեթե, որովհետեւ վարչապետը ոչ մեկին անվերապահ չի վստահում»։ Մյուս կողմից, կարեւոր հանգամանք է այն, որ Պապիկյանն ամբողջովին տիրապետում է վարչական ռեսուրսներին, մարզերում տիրող իրավիճակին, մարզպետների հնարավորություններին, ճանաչում է համայնքների՝ իշխանություններին հավատարիմ ու անկախ ղեկավարներին։ Մի խոսքով, գիտի բոլոր ուժեղ ու թույլ կողմերը: Սակայն Պապիկյանի նշանակումն ինքնին տեղիք է տվել տարաբնույթ կասկածների, որ հենց վերոնշյալը հաշվի առնելով՝ իշխանությունները առավելագույնս կարող են կիրառել վարչական ռեսուրսը, եթե զգացին, որ հանրաքվեին անհրաժեշտ մասնակցություն, առավել եւս «Այո»-ի անհրաժեշտ քանակ չեն կարողանում ապահովել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ մեր աղբյուրների փոխանցմամբ, մինչեւ վերջին իրադարձությունները, ՍԴ-ում լոյալ վերաբերմունք է եղել պետական մարմինների դիմումներում տեղ գտած թերությունների նկատմամբ: Դրանք շտկվել են տեղում։ Հանրաքվեի որոշումը դրդել է վերանայել մոտեցումը: ՍԴ-ում պատրաստվում են ամփոփել եւ հանրությանը ներկայացնել վերջին 2 տարիներին իրենց ուղարկված «գոհարները» ԱԺ նախագահի, վարչապետի, ՀՀ նախագահի դիմումներում, գրություններում։ Դրանց մեջ կան Սահմանադրության, օրենքների պահանջների խախտումներ, սխալ հղումներ, խմբագրական եւ թարգմանական կոպիտ սխալներ: Ի դեպ, նախօրեին բաց նիստում արդեն մի նմուշ ներկայացվել է: Մեր աղբյուրները տեղեկացնում են նաեւ, որ օրերս ՍԴ-ն վերադարձրել է ՀՀ նախագահի դիմումը, որով խնդրել էր ՍԴ-ին հակասահմանադրական ճանաչել ԲԴԽ-ի, ԿԸՀ-ի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատի, ԿԲ անդամների, ՄԻՊ, գլխավոր դատախազի, ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու օրենքների դրույթները: Ուշագրավ է, որ դրանք բացի ուղղագրական, քերականական թերություններից նպատակ են հետապնդել քողարկելու նախագահի սահմանադրական լիազորությունների չիրականացումը, օրենքների ժամկետների խախտումները, Սահմանադրությանը եւ օրենքներին սխալ հղումներ է պարունակել, արհեստածին հիմնավորումներ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 7-ին «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի գրավոր հարցեր էր ուղարկել ՀՀ պետական վերահսկողության ծառայության ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանին, որը ժամանակավորապես կատարում է ՊՎԾ ղեկավարի գործառույթները: Սակայն պարզվում է, որ երկրի թիվ մեկ վերահսկողին հարցեր տալուն հատուկ ընթացակարգ եւ վերահսկվող մի յուրօրինակ գործընթաց պետք է նախորդի: Մեր հարցերին, չգիտես ինչու, որոշել է պատասխանել ՀՀ ՊՎԾ ղեկավարի օգնական Սեդա Աղբալյանը՝ ոչ թե ըստ էության պատասխան տալով, այլ դաստիարակչական քարոզ կարդալով եւ որակելով մեր հարցերը: Եվ փոխանակ Արգիշտի Քյարամյանը պատասխանի հարցին, թե ճիշտ են արդյոք այն տեղեկությունները, որ ինքը պարբերաբար զանգահարում է իրավապահներին՝ կառույցի տեղեկանքների հիման վրա գործեր հարուցելու համար, որոշել է թաքնվել մի աղջկա փխրուն ուսերի թիկունքում եւ մեջբերել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը՝ հայտարարելլով, թե վիրավորանք եւ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը հրապարակային ներկայացնելը կարող է առաջացնել պատասխանատվություն: Այսպիսով, նա որոշել է «հաթաթա տալ» լրատվամիջոցին, սակայն չի ստացվի: Հատուկ Քյարամյանի համար ընդգծենք, որ նրա գործառույթների մեջ չի մտնում այս կամ այն քննչական մարմնին զանգահարելն ու հետաքրքրվելը այս կամ այն քրեական գործից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում եվրոպական կառույցների կոշտ գնահատականները՝ ուղղված ՀՀ իշխանություններին, «օդից» չեն՝ այդ ուղղությամբ աշխատում են նախկին իշխանության ներկայացուցիչները՝ Արմեն Աշոտյանը, Դավիթ Հարությունյանը, Գեւորգ Կոստանյանը, Արփինե Հովհաննիսյանը։ Սրա դեմ իշխանությունները փորձում են պայքարել՝ փակելով նրանց ճանապարհը դեպի Եվրոպա։ Վերջին շրջանում սկսել են շատ հաճախ նրանց հրավիրել քննչականներ՝ հարցաքննության, եւ փորձում են հիմքեր գտնել՝ նրանց դեմ քրեական գործեր հարուցելու համար, որ օրենքով սահմանված կարգով արգելեն նրանց տեղաշարժը երկրից։ Ամեն դեպքում, նվազեցնեն եվրոպաներում «դավադիր» հանդիպումների քանակը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում «Կուսակցությունների մասին» օրենքը, հնարավոր է, ուղարկվի Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ՝ նախագծի վերաբերյալ եզրակացություն ունենալու համար. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, որը համակարգում է այդ օրենքի մշակմամբ զբաղվող աշխատանքային խումբը: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունները նպատակ ունեն առաջիկայում սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքում, ինչպես նաև փոփոխություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքում: Մինչև այժմ աշխատանքային խումբը բազմաթիվ քննարկումներ է ունեցել և նախանշել այն հոդվածները, որոնք կարող են փոփոխվել: Բացի այդ, իմքայլական պատգամավորը նաև մեզ հետ նշեց, թե առաջիկայում հրապարակային քննարկում է լինելու: «Ի դեպ, փետրվարի 17-ին, 18-ին արդեն ունենալու ենք հրապարակային քննարկում՝ Ընտրական օրենսգրքի քվեարկության կարգի հետ կապված: Քվեարկության ընթացակարգն ենք քննարկելու, թե ինչպես կարելի է քվեարկել՝ շրջիկ քվեատուփ, ինտերնետային քվերակություն, տարբեր մեթոդներով և այլն: Կհայտարարենք, կտարածենք, թե որտեղ է լինելու քննարկում, ինչ ձևաչափով և այլն. մենք բաց ու թափանցիկ ենք աշխատելու»- հայտարարեց իմքայլական պատգամավորը»»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ պաշտպանության նախարարը զինդատախազությունում 2019 թվականն են ամփոփում եւ արձանագրում են, թե զինված ուժերում հանցագործությունների՝ 18.5%-ով նվազում է, ողբերգական դեպքերը հաջորդում են մեկը մյուսին: Հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 12-ը բանակում մահացել է 10 զինվոր, ընդ որում՝ ոչ հակառակորդի կրակոցից: Եվ ահա, երեկ հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել, եւ, ըստ նախնական վարկածի, ՊԲ տարբեր զորամասերի երկու ժամկետային զինծառայողներ ինքնասպան են եղել: Ի դեպ, զինվորները եղել են խրամատներում, եւ երեկ՝ ամբողջ օրը, դեպքի վայրում աշխատում էին իրավապահները՝ հասկանալու համար, թե տղաներն իրենք են արդյոք խփել իրենց, թե նրանց սպանել են: Մեր տեղեկություններով՝ իրավապահները երկու դեպքով էլ քննում են ինքնասպանության վարկածը: Եվ դատելով իրավիճակից՝ այժմ բավարարվում են միայն հրամանատարներին պատժելով, կալանավորելով, իսկ խորքային խնդիրները, թե ինչ հոգեբանական վիճակում են զինվորները կամ ինչ ներքին տարաձայնություններ ունեն, թողնում են բախտի քմահաճույքին, ինչն էլ ճակատագրական ավարտ է ունենում: Միեւնույն ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ զինդատախազների հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, փակ քննարկման ժամանակ դատախազը կոնկրետ հրահանգ է տվել վերաբացել ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի որդու դեմ բողոքի մասով հարուցված եւ հետագայում կարճված քրեական գործը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դեռ նախորդ տարի թեժ գիծ ահազանգ էր եկել, սակայն համապատասխան արձագանք այն չէր ստացել»:


«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Պաշտպանության նախարարության (ՊՆ) փոխգնդապետ Արթուր Գալստյանը, որը բաժնեմաս ուներ «ORSIS ARMS» ընկերությունում, եւ իր հորեղբոր տղան՝ Վիլեն Գալստյանը, որն աշխատում է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի (ԳՇ) սպառազինության վարչությունում, զենքերի մատակարարման մրցույթների կազմակերպման հարցերում կարողանում են «ֆռռացնել» բոլորին՝ մինչեւ անգամ ՀՀ ԶՈւ ԳՇ պետին, Պաշտպանության նախարարին, փոխնախարարին, քանի որ կան մասնագիտական նրբություններ: Սա վերաբերում է նաեւ «Օրսիսի» ապրանքատեսակներին եւ շատ այլ մրցույթների:  Մասնավորապես, «Օրսիսը» հերթական խմբաքանակն է ցանկացել մատակարարել ՊՆ-ին, պայմանագիրը պետք է արդեն կնքվեր անցած տարի, իսկ մրցակից թիմը՝ «Ասպար Արմսը», ներկայացրել է մրցույթին իտալական բարձրակարգ հրացան՝ «Բերետտա»: Երբ որոշել են այս երկու ընկերությունների ապրանքները փորձարկել՝ որոշելու, թե որն է ավելի լավը, արդյունքում «Բերետտային» հաղթել է «Օրսիսը», ինչը լուրջ փորձագետները, անշուշտ, աբսուրդ են համարում: Բայց դա, ըստ մեր աղբյուրների, զարմանալի չէ, քանի որ Վիլեն Գալստյանի ուղիղ վերահսկողությամբ են կատարվում փորձարկումները, նա է կազմում տեխբնութագրերը, ինչի արդյունքում իրենց ընտանեկան կամ մերձավորների անուններով գրանցված բիզնեսների հետ չառնչվող ընկերությունները դուրս են մնում մրցույթից, թեպետ ավելի բարձր պահանջներ բավարարող ապրանքներ են ներկայացնում»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում կառավարությունը սկսել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել ՀԷԿ-երի խնդրին: Այս առումով ուշագրավ է մեր աղբյուրների փոխանցած տեղեկատվությունը, թե բոլորովին վերջերս տեղի ունեցած մի քննարկման ժամանակ վարչապետին են ներկայացվել հանրապետության տարածքում գտնվող ՀԷԿ-երի ցանկը, դրանց հետ կապված խնդիրները։ Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը համապատասխան կառույցներին հանձնարարել է խորքային ուսումնասիրել ՀԷԿ-երի հետ կապված ամեն մի մանրուք։ Մասնավորաբար՝ ամբողջական ուսումնասիրություն կատարել, թե որ ՀԷԿ-ը ում է պատկանում եւ ներկայացնել ամփոփ պատկերը։ Նույն աղբյուրների պնդմամբ, առաջիկա ամիսներին այս հարցը առավել առանցքային է դառնալու, ավելին՝ իշխանությունները մտադիր են ՀԷԿ-երի շահագործման գործընթացին խոշորացույցով հետեւել, որպեսզի առաջիկա սեզոնին նվազեցնեն, իսկ հնարավոր որոշ դեպքերում՝ նաեւ ամբողջապես արգելեն ջրառը։ Մեզ հասած տեղեկություններով՝ առաջնային թիրախում են հայտնվել նախկին իշխանությունների այն ներկայացուցիչները, որոնք ՀԷԿ-եր ունեն։ Ուշադրության կենտրոնում են նաեւ ՀՅԴ որոշ ներկայացուցիչներ, որոնք զգալիորեն ներգրավված են եղել (եւ են) այդ բիզնեսում»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջերս Ոստիկանության ներքին անվտանգության վարչության աշխատակից Սարգիս Դավթյանը հավաքել է Տավուշի մարզի՝ մասնավորապես Իջևանի ոստիկաններին, և հանդիպման ընթացքում հրապարակավ հայհոյել ու վիրավորել է ներկա ոստիկաններին՝ նրանց մեղադրելով Իջևանի անտառները հատողների հետևից ընկնելու և մյուս գործերն անտեսելու, աչքաթող անելու համար։ Տեղի ունեցածը մեծ դժգոհություն և վրդովմունք է առաջացրել ներկաների մոտ։ Նշենք, որ Սարգիս Դավթյանը ՈՍ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ, վերջերս համակարգից հեռացված Միհրան Դավթյանի որդին է։ Ի դեպ, չնայած որ Միհրան Դավթյանին ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը իր նշանակման օրը հեռացրել է համակարգից, Դավթյանը շարունակում է գլուխ գովել, թե «իր դեմ խաղ չկա»։ Շարունակում է շրջել ոստիկանության գոլդ պետհամարանիշներով։ Աշխատանքից ազատվելուց հետո նա մի շրջան արտագաղթել էր ԱՄՆ, որտեղ բիզնեսներ ունի, սակայն ներկայումս Հայաստանում է և զբաղված է ոստիկանության ստվերային կառավարմամբ։ Այս միջադեպը լավագույնս հիմնավորում է, որ ոստիկանության բարեփոխումները անհրաժեշտություն են, մի բան էլ՝ ուշացած»։


«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երեկ երկկողմանի համաձայնության են եկել պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ: ՀՖՖ-ից հայտնում են, որ Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարվի մոտ ապագայում: «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով՝ հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուների հետ բանակցելու նպատակով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այցելել է Իսպանիա և Ֆրանսիա: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցություններ են հիմնականում վարվում իսպանացի հանրահայտ նախկին ֆուտբոլիստ, մարզիչ Այտոր Կարանկայի և արգենտինացի Սանտյագո Սոլարիի հետ: Ի դեպ, բանակցություններ ընթանում են նաև ֆրանսահայ նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Միշել Տեր-Զաքարյանի հետ: Հավելենք, որ Կարանկան Մադրիդի «Ռեալում» Ժոզե Մուորինիոյի օգնականն էր, իսկ «Միդլսբրոյ» ակումբը նրա գլխավորությամբ հաղթել է Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջնությունը (Չեմպիոնշիպ) և տեղափոխվել Պրեմիեր լիգա: Սոլարին ժամանակին մարզել է Մադրիդի «Ռեալը»: Միշել Տեր-Զաքարյանը ներկայումս ֆրանսիական «Մոնպելիե» ակումբի գլխավոր մարզիչն է»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, անցյալ տարվա միջին ընթացիկ գներով կազմել է 60 հազար 229 դրամ՝ ամսական կտրվածքով, իսկ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 34 հազար 28 դրամ՝ ամսական կտրված­քով: Նշենք, որ 2018 թվականի ընթացքում պարենային զամբյուղի արժեքը, ամսական կտրվածքով կազմել է 35 հազար 906 դրամ: Այսինքն՝ սպառողա­կան զամբյուղը, թե ամսական, թե տարվա կտրվածքով էժանացել է: Բայց, միևնույնն է, սա բավարար չէ մարդուն պատշաճ սնվելու, ապրելու համար: Շատերը մեր երկրում այս ամիսներին գոյատևելու համար ստիպված են լինում դիմել բանկերին, վարկային կազմակերպություններին: Գերմանիայում սպառողական զամբյուղը ներառում է մոտ 750 տեսակի ապրանքներ ու ծառայություններ՝ կյանքի տարբեր ոլորտներից: Ֆրանսիայում սպառողական զամբյուղը, բացի անհրաժեշտ մթերքներ ու ծառայություններ պարունակելուց, ներառում է նաև այցելություններ ռեստորաններ և գեղեցկության սրահ­ներ: Դե արի ու Հայաստանի կառավարության որևէ պատասխանատուի առաջարկի 34 հազար 28 դրամով ապրել մի ամբողջ ամիս: Համենայնդեպս, մեր հանրապետությունում պարզապես հնարավոր չէ 34.000 դրամով ապրել»:


«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Ջրերի օգտագործման և պահպանության մասով այնքան ռիսկեր կան, որ չգիտենք՝ ինչն ասել, ինչը՝ ոչ: Ռիսկերը՝ լիուլի, ռիսկ ստեղծողներն էլ՝ անպակաս: Ովքեր են վերջիններս: Արարատյան դաշտի արտեզյան ջրավազանից և ընդհանրապես մեր երկրի տարածքում ձկնատնտեսական նշանակության մակերևութային ջրային ռեսուրսներից ջրառ իրականացնող, ինչպես նաև արտադրական կեղտաջրերը դեպի մակերևութային ջրեր հեռացնողները: Կամ Արարատյան դաշտում ձկնաբուծության, ոռոգման և խմելու, կոմունալ-կենցաղային նպատակներով ստորգետնյա ջրատար հորիզոնից ջրառ իրականացնողները: Կամ Սևանա լիճ և լճի ջրահավաք ավազան կեղտաջրեր հեռացնող տնտեսավարողները, ՋՕԸ-երը և փոքր հիդրոէլեկտրակայաններ շահագործող կազմակերպությունները (տեսչական մարմինը նրանց համարում է բարձր ռիսկային ջրօգտագործողներ): Ի՞նչ անել: Իհարկե, ինչպես միշտ, հազարերորդ անգամ էլ կարող ենք կրկնել, որ անհրաժեշտ է, օրինակ, ՓՀԷԿ-երի շահագործման դեպքում գետերի էկոլոգիական թողքերի պահպանում, ձկնապաշտպան կառույցների ու սարքավորումների առկայություն և այլն: Բայց փորձը ցույց է տալիս, որ ոչ հորդորը, ոչ էլ տուգանքը տնտեսվարողի վրա չեն ազդում: Տուգանքն, իհարկե, կազդի, եթե այդ տուգանքի չափն ազդեցիկ լինի: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը իրավիճակը բարելավելու նպատակով անհրաժեշտ է համարում համապատասխան նորմատիվ իրավական դաշտի փոփոխություններն ու կարգավորումները, ամենակարևորը՝ հստակեցումները»: