24.11.2024
Կոնստանտին Օրբելյանը վերականգնվել է Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում
prev Նախորդ նորություն

Վեց հարյուր հատորում կան բավարար նյութեր՝ Մարտի 1-ի 10 սպանությունները բացահայտելու համար

Մարտի 1-ի գործը, եթե քրեական գործը շենքի հետ համեմատենք, ակնհայտ է, որ այն սկսվել է տանիքից: Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաեւ ինքը Ռոբերտ Քոչարյանը: Նա նշեց, որ իր փաստաբանները խոսեցին ամեն ինչից, ներկայացրին իրենց դիրքորոշումը, սակայն կա մեկ հարց, որի վերաբերյալ ինքն ասելիք ունի:


Խոսքը պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի այն հայտարարության մասին է, որ այս գործով ցուցաբերվում է խտրական վերաբերմունք, որ գործի նյութերը ամբողջությամբ չեն տրամադրվում իրենց եւ որ առկա է ընտրովի մոտեցում: «Եթե քրեական գործը շենքի հետ համեմատենք, ակնհայտ է, որ այս գործը սկսվել է տանիքից. սկզբից մեղավոր է նշանակվել, ապա առաջադրվել է հոդվածը, հետո փորձել են ներառել միայն այն նյութերը, որոնք իրենց կարծիքով ինչ-որ ապացուցողական բազա են ձեւավորել»:


Քոչարյանը բացատրեց, թե ինչու է նման տպավորություն ստեղծվել. «Ծանոթ եմ քրեական գործին, ամբողջ գործում կա ընդամենը երկու նյութ, երկու նամակ՝ ԱԱԾ-ից, դուք պատկերացնո՞ւմ եք այդ իրադարձությունները, ի՞նչ էր կատարվում ՀՀ-ում, եւ հանկարծ այդ ժամանակ մեր ամենից կայացած կառույցներից մեկը որեւէ վերաբերմունք, որեւէ նյութ չունի այդ իրադարձությունների վերաբերյալ, հնարավո՞ր է դրան հավատալ, հնարավո՞ր է հավատալ, որ ԱԱԾ-ն որեւէ տեղեկատվության չէր տիրապետում այդ ամբողջ ընթացքում: Հնարավոր չէ, կամ էդ մարդը ուղղակի, սենց ասեմ, պիտի շատ տկար ուղեղի տեր լինի, որ հավատա»:


Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ իրենք բազմաթիվ անգամ դիմել են, որպեսզի իրենց տրամադրվի Մարտի 1-ի գործի նյութերի ամբողջ ծավալը, սակայն դրանք դիտավորյալ չեն տրամադրվել. «Ես այն ժամանակ նախագահ եմ եղել, եւ շաբաթն առնվազն մեկ անգամ ԱԱԾ պետը զեկուցում էր ինձ, այդ զեկույցներից որեւէ նյութ ես չեմ տեսել, չկան, չեմ կասկածում, որ միգուցե կան այն վեց հարյուր հատորում կամ ԱԱԾ-ում, բայց դրանք չեն տրամադրվել այս քրեական գործի համար»:


Քոչարյանը շեշտեց նաեւ, որ իրենց չի տրամադրվել հետագայում ավելացված երեք հատորը: Ըստ Քոչարյանի՝ ամենից զավեշտալին այն է, որ Վիկիլիկսի նյութերը կարդալիս տպավորություն է ստեղծվել, թե ԱՄՆ դեսպանատունը շատ ավելի ինֆորմացիա ուներ ՀՀ-ի ներքաղաքական իրադարձությունների մասին, քան մեր ԱԱԾ-ն. «Ինչի՞ համար եմ սա ասում, ես ունեմ հիմնավոր կասկած, որ այդ վեց հարյուր հատորում կան բավարար նյութեր՝ տասը սպանությունները բացահայտելու համար: Ես ենթադրում եմ, ես ունեմ ողջամիտ կասկած՝ մտածելու, որ դրանք կան, բայց չեն ուզում անել, պատճառներից մեկը գուցե լինի այն, որ դա կարող է ուրիշ տեղ տանել, ինչը կհակասի այս քրեական գործի ուղղվածությանը, եւ երկրորդը, ներկայացնելու դեպքում հարց կառաջանա՝ արդյոք տուժողները այս նիստին պետք է մասնակցե՞ն, թե՞ ոչ»: Քոչարյանի այս հայտարարությունից հետո նիստերի դահլիճում աղմուկ բարձրացավ, եւ կողմերի միջեւ թեթեւ ընդհարում եղավ: Շարունակելով իր ելույթը՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ սպանությունների առնվազն երեքի շրջանակը պարզ է. «Մարդիկ զոհվել են հատուկ միջոցների կիրառման պատճառով, հայտնի է, թե քանի ոստիկան է կիրառել դրանք, խնդիրը նրանում է, որ հնարավոր չէ պարզել, թե մահվան դեպքերը կոնկրետ որ զենքի կրակոցից են պատճառվել»:


Քոչարյանը հայտարարեց, որ այստեղ նստածներից որեւէ մեկը կապ չունի սահմանադրական կարգի տապալման հետ. «Հիմա հարց է առաջանում. ինչո՞ւ ամբողջ գործի նյութերը՝ կապված այս գործի հետ, չեն տրամադրվում, որովհետեւ հակառակ դեպքում ակնհայտ կլինի, որ գործի այս մասով տուժող չի կարող ճանաչվել»: Քոչարյանը նշեց, որ այս մասին բարձրաձայնում է՝ ցույց տալով, որ ամբողջական նյութերի չտրամադրումը ողջամիտ կասկածներ է առաջացնում, որոնք խորքային են եւ կարող են գործի ամբողջական բացահայտման համար էական նշանակություն ունենալ, եւ դիմելով դատարանին՝ ցանկություն հայտնեց, որ որոշումը կայացնելիս դատավորը հաշվի առնի նաեւ այս հանգամանքը. «Փաստաբանների ներկայացրած ամեն մի փաստարկ բավարար է քրեական հետապնդումը դադարեցնելու համար, մենք ունենք փաստարկների մի մեծ փունջ, ես հասկանում եմ նաեւ, որ դուք անձամբ բավարար դժվար կացության մեջ եք՝ հաշվի առնելով նաեւ դատավոր Դավիթ Գրիգորյանի դիրքորոշումը»:


Քոչարյանի այս խոսքից հետո նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն առաջարկեց ելույթ ունենալ միջնորդության շրջանակում, ինչին արձագանքելով՝ նա ասաց. «Շատ ցավոտ եք տանում նման զուգահեռները, դուք ձեզ չեք հետեւում, մենք հետեւում ենք, եւ սա այն ցավոտ կետն է, որը դուք պետք է ձեր մեջ հաղթահարեք»: Դատավորը դարձյալ կոչ արեց խոսել, ըստ էության, ինչից հետո Քոչարյանը հարցրեց՝ արդյո՞ք մինչ այս իր ելույթը ըստ էության էր, եւ կարո՞ղ է նա շարունակել նույն կերպ: Դատավոր Դանիբեկյանն ասաց, որ կարող է շարունակել իր ելույթը, սակայն Քոչարյանը, այնուամենայնիվ, որոշեց չշարունակել. «Շնորհակալություն, լավ եղեք»,- ամփոփեց նա: