Չինաստանից Ղազախստան տարհանված ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս չկա
Չինաստանի Ուհան քաղաքից Ղազախստան տարհանված ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, հայտարարել է այդ երկրի առողջապահության նախարարությունը, փոխանցում է Sputnik Kazakhstan-ը:
«Տարհանվել են Ղազախստանի 83 քաղաքացի, այդ թվում՝ 80 ուսանող: Տարհանվել են նաև Հայաստանի՝ 1, Բելառուսի՝ 5 և Ղրղըզստանի 18 քաղաքացի»,- ասել է Ղազախստանի գլխավոր սանիտարական բժիշկ Ժանդարբեկ Բեկշինը՝ նշելով, որ նրանցից ոչ ոքի մոտ կորոնավիրուս չկա:
Փետրվարի 2-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ուհան քաղաքից տարհանվել է ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը՝ տեղափոխվելով Ղազախստան, հիշեցնում է ՊանԱրմենիանը:
Տարհանված բոլոր քաղաքացիների վիճակը գոհացուցիչ է, ջերմությունը՝ նորմայի սահմաններում, բողոքներ չկան, լաբորատոր կերպով հաստատվել է, որ տարհանված քաղաքացիները վարակված չեն: Չնայած դրան՝ նրանք դեռ 14 օր կմնան կարանտինում:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ փետրվարի 4-ին նախատեսվում է թեժ գիծ բացել, որպեսզի հարազատները տեղեկանան իրենց մտերիմների առողջական վիճակից:
Փետրվարի 3-ի դրությամբ Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 361-ի: Թոքաբորբով հիվանդների ընդհանուր թիվը 17,205-ն է: 2296 մարդ ծանր վիճակում է, 475-ը դուրս են գրվել հիվանդանոցներից: