Ինչպե՞ս պաշտպանել անձնական տվյալները. Սարգսյանի հորդորը ԵԱՏՄ երկրներին
Եվրասիական տնտեսական միության երկրները պետք է միասնաբար լուծեն թվային ինքնիշխանության և տվյալների պաշտպանության ապահովման հարցերը: Այս մասին Ալմաթիում ընթացող միջազգային թվային համաժողովում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, նա օրինակ է բերել Եվրամիության օրինակը, որտեղ ընդունվել է տվյալների պաշտպանության նորմատիվ մի ակտ, համաձայն որի ԵՄ տարածքում կարող են գործել միայն այն կայքերն ու պլատֆորմները, որոնք պաշտպանում են միության օգտատեր քաղաքացիների տվյալները:
«Ինչպես ենք մենք պաշտպանելու մեր տվյալների բազան: Արդյոք չե՞նք վերածվի ծառայությունների սոսկ սպառողի, որոնք մեզ տրամադրում են անդրազգային կորպորացիաները: Այսօրվա դրությամբ՝ իրավիճակը հենց այդպիսին է»,- նշել է նա՝ կոչ անելով ԵԱՏՄ երկրներին ստեղծել սեփական էկոհամակարգ և համատեղ կառավարել թվային փոխակերպումը:
Սարգսյանը նշել է, որ ԵԱՏՄ երկրները չպետք է ձգտեն դա կրկնօրինակել, ինչպես արել են Alibaba-ն կամ Amazon-ը, քանի որ մենք մրցունակ չենք, բայց անհրաժեշտ է մշակել սեփական համակարգը.
«Մեր երկրներից ոչ մեկն առանձին չի կարող իրականացնել իր թվային ինքնիշխանությունը: Միակ հնարավորությունը դա եվրասիական նախագծով անելն է»,- հավելել է նա: